Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։

Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել