Միշտ ժպտում էին աչքերդ, էդ կանաչ աչքերդ, որ նայելիս մարդ, անկախ իրենից, ժպտում էր։ Անսահման շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ քո աչքերից ա տվել. աչքերիս մեջ աչքերդ եմ տեսնում։ Էնքան սիրուն էր ժպիտդ, որ հիմա էլ, երբ արդեն երկնքում ես, նկարիդ նայելիս, միևնույնն ա, չեմ կարողանում չժպտալ։ Սպասում էինք, որ հետ գաս, բոլոր երազանքներդ իրականացնես ու հայտնվես հայտնի գիտնականների ցանկում` Վիկտոր Համբարձումյանի կողքին։ Ինչքան հպարտ էիր, որ պապիկի եղբայրն ա, Ռուբ։ Դու մերօրյա Վիկտոր Համբարձումյանն էիր լինելու։ Քոնը զենք բռնելը չէր ախր, այլ զենք ստեղծելը։ Բայց ճակատագիրը քո փոխարեն ամեն ինչ որոշեց. գիտնականների ցանկի փոխարեն հերոսների գրքում հայտնվեց անունդ։ Մորդ 10 ամսվա կարոտը առար մայր հողիցդ։ Մորդ գրկելու փոխարեն մայր հողդ գրկեցիր։ Առաջ մաման սպասում էր, որ զանգեիր, ձայնդ լսեր, հիմա սպասում ա, որ երազին գաս։ Հիմա, որ քեզ հետ ուզենանք խոսել, էլ չենք զանգելու։ Ուղղակի կնայենք երկինք, կաղոթենք ու բարձր կխոսենք հետդ։
Ապագայում, որ երեխեքս պատմության դասից էս պատերազմի մասին կարդալիս լինեն, կժպտամ ու կասեմ. «Գիտե՞ք, ձեր քեռին էս պատերազմի հերոսներից ա, որ կյանքի բոլոր նպատակները թողեց հանուն հայրենիքի»։
Հավերժ փառք քեզ, իմ ՀԵՐՈ՛Ս ախպեր։
Հրետանավոր, սերժանտ Ռուբեն Համբարձումյան Կարենի, ծնվ. 2001թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել