168.am-ը գրում է.

Ադրբեջանն Իսրայելի ցուցումով աջակցում է Իրանի անջատողական խմբերին,֊ այդ մասին նշվել է իրանական «Օֆող» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ասր» հաղորդաշարում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք իրանական ԶԼՄ-ները բավարար չափով լուսաբանում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, քննարկման մասնակիցներից մեկը պատասխանել է․ «Իրանում լրագրողների շրջանում ինքնագրաքննության պես մի բան է ձևավորվել, այսինքն՝ իրանական լրատվամիջոցները զգուշությամբ են մոտենում Ադրբեջանին և այնտեղ տեղի ունեցող զարգացումներին։ Այդ զգուշավորությունը կայանում է նրանում, որ իրանական ԶԼՄ-ները վախենում են, որ եթե անդրադարձ կատարվի Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Ադրբեջանն ավելի կմեծացնի Իրանի անջատողականներին ցուցաբերվող աջակցությունը»։

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վերջին տարիներին «խավիարային դիվանագիտության» միջոցով Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում ձևավորել է այսպես կոչված «ադրբեջանական համայնքներ», որոնք եվրոպացի պաշտոնյաներին կաշառք բաժանելով զբաղվում են Ադրբեջանի «լոբբինգով»։

Այդ համատեքստում հաղորդման բանախոսը մտահոգություն է հայտնել, որ Իրանում թյուրքախոս բնակչության շրջանում անջատողականների մի խումբ է ձևավորվել, որն աջակցում է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին, այլ Իսրայելի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանի իշխող ռեժիմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել