ArmDaily.am-ը գրում է,

Պատերազմի այս օրերին ռուս մի շարք գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև ՀՀ քաղաքական նախկին գործիչներ հիշեցնում են, թե հեղափոխությունից հետո իշխանությունում տեղ գտած մի շարք անձինք, ինչպես նաև շատ ՀԿ-ների ներկայացուցիչներ, նախկինում հակառուսական ցույցեր էին կազմակերպում, մասնակցում դրանց և ՀՀ-ում հակառուսական քարոզչություն իրականացնում, սակայն այս օրերին, կարծես, փոխել են իրենց դիրքորոշումը։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա Ռուսաստանը որոշակի առումով կատարում է իր դաշնակցային պարտավորությունները. «Դա ակնհայտ երևում է։ Ինձ թվում է, թե բոլորն էլ գիտեն, թե ինչի մասին է խոսքը, չեմ ուզում բացահայտումներ անել։ Ես մի բան ասեմ՝ մենք հակառուս չենք և չենք էլ եղել։ Մեր մոտեցումները միշտ պայմանավորված են եղել և հիմա էլ պայմանավորված է Հայաստանի ազգային շահերով։ Եթե տեսնում ենք, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է գոնե ինչ-որ չափով, դրա ինչը քննադատենք։ ՌԴ-ին քննադատելն ինքնանպատակ չի։ Այո, կան որոշակի քայլեր, որոնք մեզ չի գոհացնում։ Օրինակ, երբ Պուտինն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց բարեկամներն են, դա օրինակ մի քիչ խնդրահարույց է մեզ համար, ինչպես նաև Պուտինի խոսքերը կապված Ադրբեջանի տարածքների հետ։ Մյուս կողմից շատ լավ էր, որ Սումգայիթում եւ Ղարաբաղում հայերի ջարդերը հիշատակեց։ Այսինքն՝ նորմալ բան է, լավին լավ ենք ասում, վատին՝ վատ։ Ոչ ոք չի ասում, որ մենք միշտ պետք է պարտադիր քննադատենք Ռուսաստանին»։

Դիտարկմանը, թե արդյոք դա պայմանավորված է իշխանություններով, որ նախկինում, ըստ ձեզ, ՌԴ-ն չէր կատարում իր պարտավորությունները, հիմա որոշ չափով կատարում է, Իոաննիսյանը նշեց. «Տարբեր բաներով է պայմանավորված։ Նախկինում Ռուսաստանն ինտենսիվ զինում էր Ադրբեջանին և վերջերս Ալիևն էլ է ասել, որ իրենց զենքի հիմնական մատակարարը հիմնականում Ռուսաստանն է եղել և մեր դեմ կիրառվող զենքի հիմնական մասը ռուսական է։ Բայց ես նաև ուրախ եմ, որ Ռուսաստանը, չգիտեմ փակեց, թե չփակեց այդ մատակարարումը, բայց որ շեշտակիորեն պակասեցրեց, դա ակնհայտ է։ Սրանից 5-7 տարի առաջ էլ տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, հիմա մի քիչ փոխվել է և դա ողջունելի է։ ես պետք է ազնվությամբ ասեմ, որ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու քաղաքականությունը ինձ մոտ տպավորություն է, որ փոխվել է դեռևս ապրիլյան պատերազմից հետո»։

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ ցույցերին, նա նշեց, որ ՌԴ դրոշ երբեք չեն վառել, բայց ցույց արել են.«ՌԴ-ի նկատմամբ մի շարք դժգոհություններ եղել են։ Այո, ապրիլյան պատերազմից օրեր անց, ես ինքս մասնակցել եմ ՌԴ դեսպանատան դեմ ցույցին։ Դա միտված էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանը սպառազինելու դեմ։ Ներեցեք, բա եթե իրենք սպառազինում էին Ադրբեջանին, մենք ի՞նչ անեինք, ասեինք ապրեք։ Պարզ է, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է դրա դեմն արտահայտվեինք, իսկ ով էր, ինչ սպասում։ Երբ զենքի խոշոր մասշտաբի մատակարարումները վերջացան, էլ ցույց չի եղել»։

Հարցին, թե օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով միջոցներ կիրառել պատերազմը դադարեցնելու համար, ինչպես է գնահատում դա, արդյոք դրա անհրաժեշտությունը կար, Դանիել Իոաննիսյանը նկատեց.«Պատերազմ է և այդ ընթացքում ինձանից այլ բան չեք լսի, քան տոտալ վստահություն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հասցեին, քանի այո անսխալական մարդ չկա, բայց ես վստահ եմ, որ երկուսն էլ ամեն ինչ անում են հաղթանակի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել