Կից նկարում Հուլուսի Աքարի՝ «Հարբորդի ռազմական առաքելությունը դեպի Հայաստան. մի ամերիկյան փաստահավաք առաքելության պատմությունը և թուրք-ամերիկյան հարաբերությունները» վերնագրով դոկտորական թեզի տիտղոսաթերթն է, որը պաշտպանվել է 2005թ.։ Հուլուսի Աքարը գիտնական չէ, այլ ռազմական գործիչ, ով 2015-2018 թթ. Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն էր, իսկ 2018 թվականից մինչև այսօր՝ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարը։

Թուրքիան ոչ մի վայրկյան չի դադարել հավակնություններ ունենալ Հարավային Կովկասի նկատմամբ, քանի որ այն մշտապես համարել և համարում է իր անվտանգության կենսական տարածքներից մեկը՝ Սիրիայի, Արևելյան Միջերկրականի, Բալկանների կողքին, ուստի միանգամայն օրինաչափ է, որ, օգտվելով մեծ տարածաշրջանում առաջացած ազդեցության վակուումից, Թուրքիան փորձում է ստեղծել նոր կարգ և ուժերի հարաբերակցություն՝ Ադրբեջանի թիկունքում պատերազմ մղելով նաև այստեղ։ Ընդ որում, թուրքական կողմը միշտ չէ, որ առաջնորդվում է երկարաժամկետ հաշվարկով։ «Կարևոր է այս պահը, և այդ պահից պետք է օգտվել». սա է հիմնական մոտեցումը, և հենց այդ մոտեցմամբ էլ Մուսթաֆա Քեմալի առաջնորդած շարժումը փաստացի փրկեց Օսմանյան կայսրությունը լիարժեք կործանումից և ստեղծեց Թուրքիայի Հանրապետություն ճիշտ 100 տարի առաջ։ Չկան տարածաշրջանային կանոններ, ուրեմն չկան նաև սահմանափակումներ։

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, որը փաստացի ղեկավարում է Ադրբեջանի հարձակողական գործողությունները, շատ լավ գիտի Հայաստանի և այս տարածաշրջանի կարևորությունն ու նշանակությունը և այս մոտեցումների արդիականությունը։

***
Կարծես թե առկա իրավիճակին սկսում են լուրջ մոտենալ նաև այլ տարածաշրջանային դերակատարներ։ Մենք ականատես ենք դառնում իսկական տարածաշրջանային հիբրիդային պատերազմ, որի հնարավոր արդյունքները հայտնի չեն կողմերից ոչ մեկի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել