Galatv.am-ը գրում է.

Ռուսաստան, թե՞ Եվրոպա. ո՞ր ուղղությունն է առավել նախընտրելի՝ մեր երկրի անվտանգության տեսանկյունից: Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ, ում գնահատմամբ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ դինամիկ զարգացումների հեռանկարները հարկավոր են մեր երկրին:

«Մեր երկրի արտաքին քաղաքականության կուրսը եղել է ու մնալու է հետևյալը՝ սերտ, դաշնակցային ռազմաքաղաքական, նաև տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, զուգահեռաբար՝ դինամիկ զարգացող հարաբերություններ Արևմուտքի հետ: Ահա այս տրամաբանությամբ հարկավոր է գտնել երկու աշխարհաքաղաքական բևեռների հետ մեր հարաբերությունները զուգահեռելու սցենարը. այլընտրանք չկա, մենք ուղղակի չենք կարող ծայրահեղությունների տրվել: Ընդ որում, համոզված եմ, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի իշխանություն կլինի մեր երկրում, մեր արտաքին քաղաքականության վեկտորն հենց այսպիսին է լինելու: Միևնույն ժամանակ պետք է պատրաստ լինենք այն բանին, որ այս երկու բևեռներն էլ ինչ –ինչ հանգամանքներում մեր առջև «կա՛մ-կա՛մ»-ի հարց են դնելու: Այս դեպքում մեր խնդիրը պետք է լինի փորձել դիվանագիտություն բանեցնելով չտրվել ծայրահեղությունների»:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի մասին խոսելիս ռազմական փորձագետն ընդգծեց, որ հայերս մշտապես Ռուսաստանն ընկալել ենք որպես մեր անվերապահ պաշտպան: Սակայն փորձագետը նշում է, որ չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ընդամենը ռազմավարական դաշնակից է ու ոչ ավելի. «Մեր երկրի տերն ու պաշտպանը Հայաստանի քաղաքացին է, հայ մարդը: Սեփական ուժերին պետք է ապավինենք: Այլ հարց է, որ արտաքին քաղաքականությունն այնպես պետք է կառուցենք, որ դաշնակիցներ ձեռք բերենք՝ այդպիսով ստեղծելով մեր երկրի անվտանգության հավելյալ երաշխիքներ, սակայն երբեք ու երբեք չդարձնենք բացարձակ դաշնակցի դերը... Ու թեև այսօր մեր երկրների հարաբերություններում որոշ կնճիռներ են առաջացել՝ կապված գազի գնի թանկացման, մեր թշնամուն զենք վաճառելու հետ, այդուհանդերձ համոզված եմ, որ երկու պետությունների՝ հեռուն միտված շահերը համահունչ են ու իսկապես սա ապագա ունեցող դաշինք է: Եվս մեկ կարևոր հանգամանք. մենք ինքներս մեզ պետք է ընկալենք որպես այդ դաշինքի հավասար կողմ, գիտակցենք, որ որքան Ռուսաստանն է մեզ պետք, այդքան էլ մենք՝ Ռուսաստանին: Այլ կերպ ասած՝ սա պրագմատիկ շահերի վրա հիմնված դաշինք է»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Սևան-Հրազդան և այլ ՀԷԿ-երի տրամադրումը Ռուսաստանին լի է վտանգով մեր երկրի անվտանգության համար, քանի որ պատերազմի դեպքում մենք կարող ենք զրկվել հոսանքից: Օրերս ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով այս մտավախությանը՝ Դավիթ Ջամալյանն ընդգծեց. «Պետք չէ ռուսական կողմի կերպարն այս աստիճան դեմոնիզացնել: Հասկանալի է, որ Ռուսաստանը՝ թող որ դաշնակից, այդուհանդերձ այլ պետություն է և իր շահերն ունի: Այո՛, անվերապահորեն վստահել ու հույսը կապել այլ երկրի հետ պետք չէ, բայց միևնույն ժամանակ չափազանցված, հիպոթետիկ բնույթի և չհիմնավորված սպառնալիքներով Ռուսաստանի՝ որպես դաշնակցի կերպարը վարկաբեկել չի կարելի: Կրկնում եմ՝ հայ-ռուսական դաշինքում մենք մեր կշիռն ու տեղը պետք է հստակ գիտակցենք. ճիշտ է՝ փոքր պետություն ենք, ճիշտ է՝ մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց այդ ամենով հանդերձ մենք շատ կարևոր ենք ռուսական կողմի համար, ոչ պակաս կարևոր, քան ռուսական կողմը մեզ համար»:

Հարցին, թե արդյոք սա ռազմավարական դաշնակցին ուղղված քայլ է գնահատում, թե՞ ավելորդ անգամ ՌԴ-ին սիրաշահելու փորձ, Դ. Ջամալյանը պատասխանում է. «2000-ականներին կար արտաքին պարտքի խնդիրը: Իհարկե, հակասական գործարք է եղել ըստ էության, երևի թե չարյաց փոքրագույնի սկզբունքով ենք առաջ շարժվել: Իմ կարծիքով՝ ճարահատյալ, սակայն պրագմատիկ քայլ է եղել: Իհարկե, կան պոտենցիալ ռիսկեր, բայց այդ ռիսկերը փոխհատուցվում են դինամիկ զարգացող ռազմավարական դաշինքով: Տվյալ դեպքում սակայն ռուսական կողմին սիրաշահելու հարցադրումը տեղին չեմ համարում: Ես հայաստանակենտրոն, հայամետ մարդ եմ և գտնում եմ, որ մեր պետական գործիչները ևս պետք է լինեն հայակենտրոն, հայամետ: Չեմ ընդունում «սիրաշահել» ասվածը միջպետական հարաբերություններում, իրեն ինչ- որ մեկին սիրաշահողի վիճակում դնող մարդը զզվելի է ինձ համար: Տվյալ գործարքի հիմքում սիրաշահելու ենթատեքստ չեմ տեսնում: Հարկավոր է իրերը կոչել իրենց անունով. Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի իր ռազմավարական դաշնակիցը, և գուցե այդ գործարքով ռուսական կողմը փորձել է «երաշխավորել» այդ դաշինքի հեռանկարը: Տվյալ դեպքում սակայն մենք պետք է մեր դաշնակցից ստանանք համարժեքը:

Ակնհայտ է՝ Ռուսաստանի հետ դաշնակցելու մեր հիմնական դրդապատճառը արտաքին վտանգները չեզոքացնելու հավելյալ և հուսալի երաշխիքների ապահովումն է, և այս առումով մեր դաշինքը արդյունավետ է»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել