Աշոտի համար տարիներ առաջ եկեղեցին տուն էր և օթևան: Բայց օրերից մի օր ծնողազուրկ, մանկատանը մեծացած և անօթևան, մուրացիկ դարձած տղան մի մեղք գործեց, որից հետո կյանքն ասես երես թեքեց նրանից: Հետո զղջաց, ապաշխարեց, պատիժն օրենքով կրեց, բայց միևնույնն է, մեղքի խարանը մնաց ճակատին: Մեղանչել էր եկեղեցու դեմ:
Բայց ամենաահավորը ոտքերի հիվանդությունն էր, որ սրվեց. հազվադեպ հանդիպող փղախտ հիվանդությունը և բացվող խոցերն անտանելի տառապանք ու ցավ էին պատճառում, որից ազատվելու համար հաճախ էր մտածում ինքնասպանության մասին: Իսկ երբ դուրս էր գալիս փող մուրալու կամ դիմում էր ինչ-որ կազմակերպությունների, որ օգնեն, հաճախ գործած հանցանքը երեսով էին տալիս: «Դու ի՞նչ արժանիք ունես, որ քեզ օգնենք», «Դու աններելի մեղք ես գործել, գո՛ղ…»,- և այդպես շատ դռներ էին նրա առջև փակվում:
Տարիներն անցնում էին, իսկ Աշոտի մեղքը հոգում ավելի էր ծանրանում, ոտքերի վերքերն ու ցավն էլ` խորանում` խորացնելով նաև մարդկանց ու աշխարհի հանդեպ ունեցած մաղձն ու ատելությունը: Աշխատում էր եկեղեցի չգնալ, բայց հոգու խորքում զգում էր, որ միայն դա իրեն կփրկի:
Մի օր Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում նստել, ոտքերը բացել ու ցավից լաց էր լինում: Ոչ ոք չէր մոտենում, բոլորը խուսափում էին: Եկեղեցի հաճախող մի երիտասարդ աղջիկ` Արմինեն, որն Աշոտին վաղուց գիտեր, մոտենում է նրան: Զրուցում է, կարեկցում, և չնայած ընկերները դեմ էին, Արմինեն շարունակում է ամեն անգամ Աշոտին եկեղեցու բակում տեսնելիս մոտենալ ու զրուցել: Կամաց-կամաց Արմինեն ոչ միայն Աշոտին է փոխում, այլև մյուսներին: Բոլորը սկսում են Աշոտի հետ շփվել: «Ընկերներս հասկացան, որ նա լավ մարդ է: Սկսեցինք օգնել նրան թե՛ հոգեպես, թե՛ նյութապես: Աշոտը շատ փոխվեց, հիմա հաճախ է գալիս եկեղեցի»:
Արմինեն պատմում է, որ այս տարի նրա 32 ամյակին ընկերներով հյուր են գնացել և շատ լավ օր անցկացրել: Դա Աշոտի համար աննախադեպ երևույթ էր. նա գրեթե երբեք չէր նշել ծնունդը և միշտ անիծում էր այդ օրը: Հաջորդ օրն Արմինեն իմանում է, որ Աշոտն իրեն տարած ամբողջ սնունդը մի աղքատ ընտանիքի է տվել: Արմինեն, որն այսօր արդեն Աշոտի ամենամտերիմ ընկերներից է, չի ընդունում, որ մարդիկ մինչ օրս նրա արածը մատնացույց են անում կամ էլ ասում` թող աշխատի, ապրի: «Ո՞նց են պատկերացնում, որ նման մարդը աշխատի: Եթե կարող են օգնել, թող օգնեն, բայց թող չմեղադրեն: Ինքը բոլորից շատ է ուզում աշխատել»: Արմինեն մի ցանկություն ունի, որ Աշոտն ինչ-որ կերպ հայտնվի Գերմանիայում, և նրա հիվանդությունը բուժվի:
Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղն էլ Աշոտին վաղուց գիտի: «Նա պարզունակ մարդ չէ,- ասում է,- շատ եմ շփվել հետը, կարդացել նրա բանաստեղծությունները»:
Տեր Կյուրեղը տեղյակ է նաև եկեղեցու հետ կապված նրա պատմությանը և կարծում է, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Աշոտն անցել է լուրջ ապաշխարության շրջան: «Մարդը հանցանք է կատարել, այո, ծանր հանցանք, բայց նա զղջում է և ապաշխարում, իսկ զղջացողին Աստված ընդունում է,- ասում է տեր Կյուրեղը,- իսկ եթե նրան մերժեինք, նա կհայտնվեր ինչ-որ աղանդում: Ինչևէ, մարդը փորձում է այս վիճակով հանդերձ ապրել: Եթե որևէ մեկն իր աչքով տեսներ նրա ոտքերի վիճակը, կսարսափեր: Հիմա դեպի լավն է գնում, և դա նաև նրա հոգեվիճակից է»:
Սակայն կա մի խնդիր, որն Աշոտը մեծ դժվարությամբ է հաղթահարում. տրտունջը, բողոքը, դժգոհությունը, որն ըստ քահանայի, հոգևոր իմաստով մեղք է: Տեր Կյուրեղը կարծում է, որ մարդ միշտ Աստծուց շնորհակալ լինելու առիթ ունի. լույսը բացվեց, արդեն պիտի գոհանաս: Եկեղեցու հոգևոր հովիվն Աշոտի հետ բավականին դժվարին աշխատանք է կատարում, որպեսզի նա ձերբազատվի ադ զգացողությունից: Հաջողվում է:
«Հիմա մեջս շնորհակալական զգացումն եմ փորձում ամրապնդել,- խոստովանում է Աշոտը, որն այդ պահին եկեղեցու բակի նստարաններն էր ներկում,- սկսել եմ աղոթել էն մարդկանց համար, որոնք ինձ օգնում են, թեկուզ մի դրամով: Ամեն դեպքում մարդիկ ինձ համար ինչ-որ բան անում են, իսկ ե՞ս ինչ եմ անում նրանց համար»:
Առաջ, երբ դուրս էր գալիս փող հավաքելու, և մարդիկ վիրավորում էին, հայհոյում էր, անիծում: Հիմա փորձում է վատ բաներ չասել, չնայած խոստովանում է, որ դժվար է. «Երբ մարդիկ ինձ արհամարհում են ու վիրավորում, ահավոր ներվայնանում եմ, ու եթե էդ պահին չպատասխանեմ, հնարավոր է` սրտի նոպա ունենամ»:
Աշոտի կամավորական աշխատանքը միայն եկեղեցու նստարանները ներկելով չի սահմանափակվում: Նա խնամում է նաև եկեղեցու բակի ծաղիկներն ու բույսերը, իսկ որ ամենազարմանալին է, եկեղեցու արևելյան հատվածում ցաքուցրիվ եղած բազմաթիվ ծանր քարե թափոններն է մի քանի ամսում կարգի բերել: Աշոտի այդ արարքը շատ է զարմացրել եկեղեցու մոմավաճառ տիկին Շարմաղին. «Եկեղեցում շատ առողջ տղամարդիկ կան, բայց ոչ ոքի մտքով չէր անցել, որ էդ գործերն անի:
Եկեղեցու հետևամասն էն վիճակում էր, որ մարդ չէր կարողանում անցնել: Աշոտն այդ ամենն էնպես է դասավորել, որ ես ապշում եմ` ինչպես է կարողացել»:
Տիկին Շարմաղը բոլոր այն մարդկանց, որոնք Աշոտի մեղքը երեսով են տալիս ու չեն ներում, հորդորում է մի պահ հետ նայել իրենց անցյալին` հիշեցնելով Աստվածաշնչի խոսքը` նախ քո աչքի գերանը հանիր, հետո ուրիշի աչքի շյուղը. «Չի նշանակում, որ մարդ մի անգամ ընկել է ցեխը, կարելի է տրորել, մինչև հիմնահատակ խորտակվի, սուզվի-գնա: Ոչ, եթե կարող ես` մարդուն ցեխից հանիր»:
Միգուցե շատերն ասեն` զուգադիպություն է, բայց ինչ Աշոտը սկսել է իր մտածելակերպը փոխել, իր կյանքն ավելի օգտակար ու դրական բաներով լցնել, ոտքերի վիճակը դեպի լավն է գնում, անգամ խոցերն են փակվել, որոնք անտանելի ցավում էին և տհաճ հոտ արձակում:
«Ճիշտ է` դեղերն էլ մեծ նշանակություն ունեն, վերջերս առողջապահության նախարարությունն ինձ որոշակի դեղորայքով օգնել է, տեր Կյուրեղն էլ օգնել է, որ մի քանի կարևոր ու թանկ դեղեր ձեռք բերեմ, բայց ես համոզված եմ, որ ոտքերիս վիճակի թեթևացման մեջ մեծ է Աստծո դերը»:
Ասում է, որ ամեն անգամ, երբ իրեն դրամով օգնում են, իր պարտքն է համարում դրա տասը տոկոսը մի կողմ դնել եկեղեցու համար` որպես տասանորդ: Մեծ ցանկություն ունի այլ եկեղեցիներում ևս կամավորական աշխատանք կատարել, եթե իհարկե ընդունեն:
Միգուցե այդպես Աշոտն ուզում է վերադարձնել եկեղեցուն այն, ինչ տարիներ առաջ անգիտակցաբար խլել է, և մեկընդմիշտ հոգին ազատել մեղքի ծանր բեռից: Բայց ամենից շատ նա ուզում է փոխել իր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և ատելության ու արհամարհանքի փոխարեն արժանանալ սիրո ու կարեկցանքի, որի կարիքն այսօր շատ ունի: