168.am-ը գրում է․

168am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը

– Պարոն Դուբնով, արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը հարձակվել է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության վրա, թեժ մարտեր են ընթանում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հյուսիսից հարավ, հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ևս կան գործողություններ։ ՀԱՊԿ-ը լռում է, Մոսկվան՝ նշում, որ կողմերի հետ աշխատում է բոլոր մակարդակներով, և պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ այս օրերին կան կոնտակտներ թե Մնացականյան-Լավրով, թե Փաշինյան-Պուտին մակարդակով, եղավ տեղեկատվություն, որ թուրքական կողմն առաջարկել է կարգավորման «սիրիական մոդելը», որը ռուսական կողմը մերժել է, մարտերը չեն դադարում, դրանց աշխարհագրությունն է ընդլայնվում, կիրառվող զինատեսակների ծանրությունն է փոխվում, կորուստներն են ավելանում, և տպավորություն կա, որ ռուսական դիրքորոշումը բավականին զուսպ ու չեզոք է, ինչը աչք է ծակում Ադրբեջանի՝ Թուրքիային աննախադեպ աջակցության ֆոնին։ Ընդհանուր առմամբ այն ջանքերը, որոնք ներդրվում են, ըստ Ձեզ՝ համարժե՞ք են տարածաշրջանում ստեղծված իրավիճակում։

– Սկսեմ ՀԱՊԿ-ից։ Կարծում եմ՝ ավելորդ է խոսել ՀԱՊԿ-ի որևէ հստակ դիրքորոշման կամ միասնական դերակատարման մասին, դա անհնար է, այդ մասին բոլոր քաղաքական գործիչները գիտեն և այդ հարցը նույնիսկ չեն բարձրացնում, այդ թվում, կարծում եմ՝ Փաշինյանը։ Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական գործիչ լուրջ մակարդակում այդ հարցը կարող է քննարկել։

Ինչ վերաբերում է բուն Մոսկվային, իմ համոզմամբ, Մոսկվան ներկայումս մտահոգված է մեկ այլ հարցից՝ մի փոքր փոխվում է Մոսկվայի դերակատարությունը տարածաշրջանում, և, ինչպես շատ հստակ ասաց օրերս Թոմ դը Վաալը, հակամարտությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ նախկինում, եթե Թուրքիան աջակցություն էր հայտնում Ադրբեջանին, սակայն իրեն հռչակում էր՝ որպես զսպող գործոն, ապա ներկայումս այլևս զսպող գործոն չէ։ Սա բավականին կարևոր նրբություն է քաղաքական իմաստով, ես չեմ կարծում, որ դա էապես ազդում է ռազմաճակատում տեղի ունեցողի վրա, քանի որ առճակատվում են հայերի և ադրբեջանցիների ԶՈՒ-ները։

Մոսկվայի համար կարևորն այն է, որ խախտվում է իր ավանդական դերային գործառույթը, նա միշտ խաղացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության և հակասությունների վրա և ուներ, եթե ոչ մենաշնորհային, ապա լայն ազդեցություն երկու երկրների էլիտաների նկատմամբ, ուներ առանձնահատուկ կոնտակտներ, և այլն։ Ադրբեջանական կողմից այդ հավասարակշռությունը խախտվել է, թեև չեմ կարծում նաև, որ այստեղ մրցակցություն է լինելու Մոսկվայի և Անկարայի միջև, բայց կա նոր ձևաչափի փնտրտուք՝ Ղարաբաղում և շուրջը տիրող իրավիճակի հանդարտեցման համար։

Կարծում եմ՝ իրավաչափ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը նվազելու է, և իր անգործությամբ ՄԽ-ն դա վաստակեց, և, փաստորեն, ռուս-թուրքական շփումներից այս հարցով այդ դերակատարությունը կտուժի։ Չեմ կարող ասել, թե ռուս-թուրքական շփումներն այս հարցով ինչ արդյունք կտան, բայց դա նոր երևույթ է, նոր որոշակի ձևաչափ։ Ուստի, կարծում եմ, հիմա Մոսկվան փորձում է գտնել իր համար ամենահարմար ու ճիշտ դիրքն այս իրավիճակում՝ հարմարվելով իր նոր դերին։ Դրանում որևէ ճակատագրական, վտանգավոր բան չկա, դրանից ապոկալիպսիսի հոտ չի գալիս, բայց կա իրավիճակի փոփոխություն։ Մոսկվան փորձում է հարմարվել նոր իրողություններին։ Դրան զուգահեռ՝ Թուրքիան՝ լինելով ԵԱՀԿ անդամ, ցանկանում է մասնակցել կարգավորմանը, և ներկայումս իր այդ ավանդական գծի սրացման փուլն է։

– Ռուսաստանի դիրքորոշման հարցում դերակատարություն ունե՞ն արդյոք հայ-ռուսական ներկայիս հարաբերություններն էլիտաների միջև։

– Կարծում եմ՝ հիմա դա բացարձակ որևէ նշանակություն չունի, բոլոր այն խոսակցությունները։ Չեմ կարծում, որ Մոսկվան առաջնորդվում է անձերով, առաջնորդվում է ընդհանուր օբյեկտիվ պատկերով, որը ձևավորված է։ Չգիտենք, թե որքան ներկա իշխանությունը կմնա, Փաշինյանը երկար կամ կարճ կմնա իշխանության ղեկին, իսկ Մոսկվայի շահերն ու հետաքրքրություններն ավելի երկարատև են։

– Հնարավո՞ր է՝ այդ փնտրտուքից հետո Ռուսաստանի դերը տարածաշրջանում էական փոփոխություններ կրի, կամ Ռուսաստանը սկսի բացահայտ աջակցություն հայտնել Հայաստանին։ Դուք ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակում այդ դերը։

– Կարծում եմ՝ էական փոփոխություններ չեն լինի, կամ դրանք երկար ու աննկատ կլինեն, քանի որ իրավիճակները ևս քիչ–քիչ փոխվում են․ Թուրքիան է ավելացել տարածաշրջանում, ավելորդ և արհեստական է դառնում ԵԱՀԿ ՄԽ դերակատարությունը, ԵԱՀԿ ՄԽ-ն ինքն իրենով կարևոր է նրանով, որ երկրագնդի վրա այն վերջին տեղն է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը միմյանց չեն մեղադրում, այլ կառուցողականորեն համագործակցում են։ Այդ հարթակը գուցե պահպանեն հանուն դրա, և ես չեմ բացառում, որ այդ հարթակում քննարկվել են ժամանակ առ ժամանակ այլ հարցեր, բայց այդ հարթակը կպահպանվի և չի ունենա այն դերակատարությունը, ինչ ունեցել է։

Ընդհանուր առմամբ, Մոսկվան շարունակելու է խաղալ նախկինի նման՝ նույն հակասությունների և հավասարակշռության վրա, նախկինի նման կարևոր է Ադրբեջանը, և ինչ էլ որ չասեն Ադրբեջանում, միևնույն է, ադրբեջանական էլիտան երբեք Ռուսաստանից չի հրաժարվի, ուստի մոսկովյան էլիտան վախենալու բան չունի, իսկ քաղաքական իմաստով, այո, անհրաժեշտ է լինելու համաձայնեցնել սեփական քայլերը՝ ինչպես ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ, դա երբեք խնդիր չի եղել, այսօր դրան կավելանա նաև Թուրքիան, ավելի, քան նախկինում, հարկ կլինի քայլերը համաձայնեցնել Անկարայի հետ։

– Մինչ այս պահը ռուսական ջանքերը, համանախագահների հայտարարությունները և կուլիսային միգուցե ջանքերը, կոչերն ու հայտարարությունները որևէ եղանակ չեն փոխում։ Ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է իրավիճակ փոխել։

– Գուցե ես լավատես եմ, բայց երեկ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությունը ռուսական հեռուստաընկերության եթերում հեռարձակվող ծրագրին, ինձ թվում է, որ առաջիկայում ինչ-որ դրական նշանի հայտնվելու ազդանշան էր։ Երկու ղեկավարները շատ թույլ, շատ հեռացած, բայց որոշակի ազդանշաններ ուղղեցին միմյանց, այդ ազդանշանները լսվեցին,կարծում եմ՝ էական բան դրանում չկա, բացի նրանից, որ երկու ղեկավարները ազդանշան ուղարկեցին այն մասին, որ պատրաստ են ազդանշան ուղարկել, այդպես կձևակերպեի։

– Ռազմական գետնի վրա ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։ ՀՀ և ԱՀ զինված ուժերը մարտական են տրամադրված, Ադրբեջանը կարծես ևս նախապես ծրագրված հարձակմամբ ջանում է հաջողություններ գրանցել։

– Կարծում եմ՝ շատ չի երկարաձգվի։ Հարցն այն է, թե ինչն ադրբեջանական կողմը կհամարի հաջողություն, ինչը հայկական կողմը կհամարի հաջողություն կամ պարտություն։ Կարծում եմ՝ դիվանագիտական ջանքերը որոշակի օգուտ կտան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել