Ermenihaber.am-ը գրում է․
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ ցանկացած խաղաղասիրական կամ գործողությունների դադարեցման շուրջ գրառումներ կատարելու փորձերը իսկույնևեթ արժանանում են Ադրբեջանի ուժային կառույցների բիրտ ճնշմանը:
Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար:
Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում Բաքվում գտնվող իր բնակարան և հրաժարվում պարզաբանել, թե ինչու են իրեն ձերբակալում:
«Սկզբում նրանք ասացին, որ ոստիկանությունից են, ասացին, որ ինձ կտանեն զինվորական կոմիսարիատ, ես խնդրեցի, որպեսզի փաստաթղթեր ներկայացնեն, իսկ նրանք ասացին, որ կտանեն ինձ Ազգային անվտանգության ծառայություն»,- տեսանյութում ասում է Իբրահիմովը:
Նշվում է, որ ադրբեջանցի ակտիվիստը բերման ենթարկվելուց 2 ժամ անց ազատ է արձակվել:
Ավելի վաղ 2016թ. մայիսին Իբրահիմովը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի պատկերելու համար ադրբեջանցի մեկ այլ ակտիվիստ Բայրամ Մեմմեդովի հետ միասին կալանավորվել էր: