Lragir.am-ը գրում է.
«Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության, անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը։ Եվ մենք վստահ գիտենք, թե որ կողմին է ուղղված այդ կոչը, որովհետև ունենք փաստական տվյալներ, թե որ կողմն է սկսել այդ ագրեսիան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ բախվելով միջազգային հանրության այդ միանշանակ դիրքորոշմանը՝ պաշտոնական Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածելով թե հայկական կողմն առաջինն է նախաձեռնել որոշակի քայլեր։
«Մենք այս գործիքակազմին առաջին անգամը չէ, որ առերեսվում ենք, սա սովորական երևույթ է, և դրա հիմնական խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն բախվեց միջազգային հանրության միակողմանի դատապարտմանը, որ պետք է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և պետք է ուժի կիրառումից ձեռնապահ մնալ։ Իսկ մենք ունենք անհերքելի փաստական տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները»,- ասաց Նաղդալյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի այս ագրեսիան Արցախի նկատմամբ ունի երկու առանձնահատկություն։
«Մեկն այն է, որ նախ Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից և խնդիր է դրվել հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Եվ երկրորդ, այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը։ Թուրքիան բոլոր փուլերում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց այս անգամ այդ աջակցությունը որակական փոփոխություն է կրել և բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ։ Ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետներ, ովքեր օգտագործում են թուրքական սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ։ Մենք ունենք տեղեկություն նաև Թուրքիայի կողմից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխելու մասին։ Սրան գումարվում է այն, որ Թուրքիայի ղեկավարությունը լիարժեք քաղաքական ու քարոզչական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական կողմին։ Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ»,- հավելեց նա։
Ըստ Նաղդալյանի՝ Արցախի և Հայաստանի կարողությունները և վճռականությունը՝ հակադարձել այս դաշինքին, աներեր է։ Այստեղ խոսք է գնում իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ու կյանքի մասին։