Հարևան երկրի սուլթանի անձնական ԶԼՄ-ներից մեկը գլխավոր խմբագրի մակարդակով մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ազերիների հետ գաղտնի բանակցություններ վարելու և այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները դրժելու մեջ։

Մտադրություն չունեմ Բաքվից հնչող ամեն ինչին հավատալու, բայց լավ կլինի, որ մերոնք արձագանքեն, քանի որ հոդվածագիրը տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ բավականին ուշագրավ մանրամասներ է հայտնում՝ տալով մարդկանց անուններ և բացահայտ սպառնալով, որ սա դեռ սկիզբն է։ Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ։

Ամեն դեպքում ինձ համար միշտ հարցական է եղել, թե ինչու Նիկոլի իշխանության գալուց հետո պաթոլոգիկ հայատյաց Իլհամ բաբան բավական «լավ» ընդունեց վերջինիս իշխանության գալը՝ երկար ժամանակ չդիմելով սադրանքների։ Անհավատալի է, բայց փաստ. Ալիևը շատ երկար ժամանակ խելոք էր։

Ինձ համար նաև մինչև հիմա հարցական է, թե 2018 թ․-ի մայիսին և ամռան ամիսներին ինչո՞ւ հայկական բանակը թույլ տվեց, որ Նախիջևանի հյուսիս-արևելքում ադրբեջանցիներն առաջ բերեն իրենց դիրքերը 2-5 կիլոմետրով և բացահայտ սպառնալիք ստեղծեն Հայաստանի տարածքում գտնվող սահմանամերձ գյուղերի և այդտեղով անցնող Երևանը Սյունիքին, Արցախին և Իրանին կապող մայրուղու համար։ Կան նաև շատ այլ հարցեր։

Ամեն դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանը, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահներին, էմիսարների միջոցով իրոք գաղտնի բանակցել է Բաքվի հետ, ապա դա ապացուցում է մեր իշխանությունների պրիմիտիվությունը և տկարամտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել