Antifake.am-ը գրում է․
Անկախության օրը մեր պատմության ամենակարևոր տոներից մեկն է, և տոնական տրամադրություն ստեղծելն անհրաժեշտություն է, սակայն համավարակի պայմաններն այլ բան են թելադրում: Ավելորդ է խոսել, որ միջոցառումները պետք է կազմակերպվեն այնպես, որ բյուջեին «նեղություն» չտան: Այս ամենը պետք է համադրելի լինի նաև «ասելիքը տեղ հասցնելու» և բովանդակության հետ, ինչը վարչապետի աշխատակազմի կազմակերպած միջոցառումներում մենք չենք տեսնում:
Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 133 մլն դրամ կամ 272 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկանում ենք tender-monitoring.am և armeps.am համակարգերից, Անկախության 29-ամյակի մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման համար վարչապետի աշխատակազմը կրկին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ: Նկատենք, որ գնումների մասնագետները բազմիցս քննադատել են մեկ անձից գնման ընթացակարգով գնումները, քանի որ դա մի շարք կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում մեկ անձից գնումների ծավալներն ավելացել են մի քանի անգամ, իսկ պայմանագրերը հիմնականում կնքվում են արդեն իսկ յուրային դարձած կազմակերպությունների հետ։ Ստորև թվարկված են այն կազմակերպությունները, որոնց ծառայություններից օգտվել է վարչապետի աշխատակազմը:
- «Թի Էն Սաունդ» ՍՊԸ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 59,064,800 դրամ):
- «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 19,530,060 դրամ):
- «Արթուր Մանուկյան» ԱՁ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 43,422,225 դրամ):
- «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 10,800,000 դրամ):
«Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ին 59,064,800 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում` տեխնիկական միջոցների տեղափոխման և տեղադրման, ալյումինե կոնստրուկցիաների, մետաղական հյուսվածքների տեղադրման, լուսային տեխնիկայի տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ԼԵԴ էկրանների տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների համար:
Նախկինում այս ընկերությունը զբաղվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, որի համար 7,999,110 դրամ է վճարվել: Պետական տարբեր կառույցների հետ կնքած պայմանագրերից ստացած 140,713,310 դրամի 47.66%-ը կամ 67,063,910 դրամը «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ն ստացել է հենց վարչապետի աշխատակազմից:
«Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին 19,530,060 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում` միջոցառման դեկորացիայի նախագծման, պատրաստման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների, ներառյալ` բեմահարթակի պատրաստման և երեսպատման, բազրիքների պատրաստման, հանդիսատեսի համար նախատեսված հարթակների երեսպատման և քողարկման, տպագրական նյութով «Լայերների» երեսպատման, դեպի գլխավոր բեմահարթակ տանող հարթակների պատրաստման, դեկորատիվ քարերի պատրաստման և տեղադրման, նվագախմբի և հարվածային գործիքների համար հավելյալ հարթակների պատրաստման, ուղեգորգերի և այլ դեկորացիաների պատրաստման և տեղադրման համար:
Նախկինում այս ընկերությունը զբաղվել է Երևանի քաղաքապետարանի «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների աշխատանքների կազմակերպմամբ: Ծառայության արժեքը կազմել է 66,702,300 դրամ: Պետական տարբեր կառույցների հետ կնքած պայմանագրերից ստացած 102,718,860 դրամի 64.94%-ը կամ 66,702,300 դրամը «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն ստացել է Երևանի քաղաքապետարանից:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անցկացվել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպմամբ զբաղվել է «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն, որին 43,422,225 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում նաև «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպման, ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմի, բանվորների, հյուրընկալների, միջոցառման կոնտենտի ստեղծման, դիզայներական աշխատանքների, էկրաններին տեղադրվող վիդեոկոնտենտի ստեղծման, արտիստների, նոր կատարումների նոտայագրման, ռեկվիզիտների, միջոցառման տպագրական ֆայլերի ստեղծման ու տպագրության, գովազդային վահանակների պատրաստման ու տեղադրման, բիոզուգարանների վարձակալության և սպասարկման, վրանների, աթոռների, սեղանների, այլ անհրաժեշտ պարագաների վարձակալության, հանդիսատեսի անձրևանոցի, անհրաժեշտ տեխնիկայի ու թարգմանչական սարքերի վարձակալության, թարգմանչի ծառայության, արտիստների համար դիմահարդարների և վարսահարդարների խմբի, սցենարական աշխատանքի, բացման պարային համարի բեմադրման, կոստյումների, միջոցառման ետնաբեմի գլխավոր ձայնի, հեռուստատեսային սայլակի վարձակալության, ամբողջ անձնակազմի 4-օրյա սննդի, դեպի Զվարթնոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտի ապահովման և կազմակերպչական այլ աշխատանքների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ