Լանզարոտեի Կոնվենցիայի վավերացումը ՀՀ հանրակրթական դպրոցներում սեռական կրթության ներդրման և դրանով պայմանավորված հնարավոր վտանգների իրավական մեկնարկ ազդարարեց։ Կոնվենցիան հաջորդ տարվա սկզբին Հայաստանի համար կմտնի ուժի մեջ և որպես միջազգային պայմանագիր կգերակայի ՀՀ օրենսդրության նկատմամբ։

Մինչև այս ամենի զարգացումը՝ Հայաստանում տարիներ շարունակ ամուր նախադրյալներ էին ստեղծվել սեռական դաստիարակության իրականացման ուղղությամբ, որի առնչությամբ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ ձեռնարկի վրա։ Ձեռնարկը, որը կրում է «Առողջ ապրելակերպը դասավանդող ուսուցիչների դիրքորոշումները սեռական դաստիարակության թեմայի վերաբերյալ» վերնագիրը հրատարակվել է Բաց հասարակության հիմնադրամի (Սորոս) ֆինանսավորմամբ և որքան էլ զարմանալի թվա հետազոտության հեղինակ կառույցներից մեկը հանդիսանում է ԵՊՀ-ում 2013 թվականից գործող Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը։

Հետազոտության առարկան ՀՀ դպրոցներում ուսուցանվող «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին ուսուցիչների և աշակերտների դիրքորոշման բացահայտումն է։ Հեղինակները արձանագրում են, որ ուսուցիչների և աշակերտների մոտ կա կաշկանդվածություն և ամոթի զգացում վերարտադրողական թեմաների մասին խոսելիս։ Առարկայի «բարդ կողմերը» ներկայացնելու խնդիրը ըստ հեղինակների հետևանք է նաև «հայկական մենթալիտետի», «հայկականության»։

ՄԵՋԲԵՐՈՒՄ 1․ «Սեռական կյանքի մասին զրույցները աշակերտների հետ նույնպես սահմանափակ են բովանդակային առումով: Այդպես սեռական կյանքի մասին խոսելիս ուսուցիչները հիմնականում շոշափում են համբուրվելու թեման: Այս թեման ըստ էության քննարկումը տանում է դեպի հղիության, հատկապես անցանկալի հղիության թեմայի քննարկմանը: Այս դեպքում ևս նկատվում է հստակ գենդերային տարանջատում: Աղջիկների դեպքում շեշտադրվում է այն, որ նրանք պետք է ուշադիր լինեն և «չթուլանան», իսկ տղաների դեպքում հատկապես շեշտադրվում է պահպանակ օգտագործելու կարևորությունը»:

ՄԵՋԲԵՐՈՒՄ 2․ «Հետաքրքիր է և մյուս կողմից սպասելի (ելնելով նաև առօրյա դիտարկումներից), որ վերարտադրողական առողջության թեմաների շրջանակներում քննարկվում է ծնող լինելու, ընտանիք կազմելու կարևորությունը: Բոլոր հարցազրույցներում առողջական խնդիրներին հետևելը, սեռական կյանքը և սեռական հարաբերությունները ենթադրում են այն, որ բոլոր աշակերտները ի վերջո դառնալու են ծնող՝ հայր կամ մայր: Հետազոտության ընթացքում ոչ մի ուսուցիչ չէր նշում օրգանիզմը առողջ պահելու (զուտ անհատի տեսանկյունից), ինչպես նաև սեփական մարմինը սեռական և վերարտադրողական առողջության պահպանման տեսանկյունից կառավարելու կարևորությունը»: Մեջբերումից տպավորություն է ստեղծվում կարծես հայ ուսուցիչը պետք է ոչ թե կարևորեր ծնող դառնալու առաքելությունը, այլ քննարկեր առողջության հիգենիայի հետ կապված հարցեր։

Հաջորդիվ հեղինակները ընդգծում են «Հենց սիրո թեմայի շուրջ հարցերի պատասխաններից էլ պարզ է դառնում, որ նույնասեռականության մասին ուսուցիչներն իրենք ընդհանրապես չեն բարձրաձայնում․․․ այստեղ ևս կան հղումներ «հայկական»-ին, ազգայինին, ավանդականին»։ Վերջում նշվում է, որ հավանաբար ուսուցիչների մեծամասնությունը տեղյակ չէ գենդեր, գենդերային դեր, գենդերային խտրականություն բառերի գիտական մեկնաբանման հետ:

Մի խոսքով մինչ մենք փորձում ենք քննարկել թե Լանզարոտեի կոնվենցիայի այս կամ այն դրույթը ինչ հնարավոր վտանգ է պարունակում, հասարակական կառույցները և այդ թվում պետական անվանի կրթօջախներում գործող կենտրոնները արդեն հավաքագրում են հանրային դիրքորոշումը սեռական կրթության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել