Տիկին Arsinée Khanjian,
Շուտվանից չես երևացել Հայաստանում: Կրկին խառը ժամանակներ են, ինչու՞ չկաս: Եվ սա այն դեպքում, երբ սրտիդ ընտանիքապետությունը կինո նկարելու հիանալի հնարավորություն է տվել քեզ: Այն էլ ինչ կինո` ընտանեկան դրամա: Լարիր երևակայությունդ ու փորձիր պատկերացնել իրավիճակը: Ուրեմն այսպես. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկներն աշխատանքից ազատվելու դիմում են գրում, որովհետև սրտիդ ռեժիմի «դոկտոր Մենգելեն», նույն ինքը` կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ու 1200-ից ավել մարդու գլուխ կերած Թորոսյան Արսենն անարդար է վարվում կենտրոնի տնօրենի հետ` չերկարաձգելով նրա պայմանագիրը: Պատճառը գիտեն բոլորը. սրտիդ վարչապետի տիկինն այդ պաշտոնի համար այլ թեկնածու ուներ: Երբ աղմուկ է բարձրանում, սրտիդ վարչապետը ստիպված հրահանգում է երկարացնել կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Միևնույն ժամանակ, Արյունաբանական կենտրոնի աշխատակիցներին վարչապետդ մեղադրում է նրանում, որ «որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի»:
Մինչդեռ, բոլորին է հայտնի, թե այդ բժիշկներն ինչպիսի խնամատար վերաբերմունք ունեն հիվանդ երեխաների հանդեպ, ինչպես են իրենց կյանքը նվիրել գռոշների դիմաց երեխաների կյանքեր փրկելու առաքելությանը: Ինչևէ, այս պահից սկսվում է «ընտանեկան դրաման»: Ըստ օդում կախված լուրերի` իր նպատակին չհասած վարչապետիդ տիկինը դեմարշ է անում` հրապարակավ հայտարարելով «City of smile» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու մասին: Պիտի որ լսած լինես` սրտիդ ընտանիքապետությունը մի բոլ հիմնադրամներ ունի, որոնց միջոցով ընտանիքապետությունն ինդուլգենիցաների դիմաց կթում է Հայաստանում քիչ թե շատ փող ունեցող շատ շատերին: Իսկ «City of smile» հիմնադրամի հիմնական շահառուները հենց առողջական խնդիրներ ունեցող երեխաներն են, այդ թվում նաև Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները: Այսինքն` վարչապետիդ տիկինը փաստացի ասում է` իմ ուզածը չարեցի՞ք, իմ ուզած մարդուն այդ կենտրոնի տնօրեն չնաշակեցի՞ք, դե ուրեմն քարը ձեր գլուխ, ես հրաժարվում եմ հիվանդ երեխաներով զբաղվել: Տիկին Արսինե, գիտե՞ս, թե այս պատմության մեջ որտեղ է վարչապետիդ հերթականան երեսպաշտությունը: Ուրեմն սրտիդ վարչապետը հրապարակավ կշտամբում է բժիշկներին` թե բա «մտածելու բան ունենք… սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի…» Իսկ վարչապետիդ տիկինը առանց սպառնալիքի, շատ ուղիղ և հրապարակավ հրաժարվում է զբաղվել հիվանդ երեխաների խմանքով: Եվ սա այն դեպքում, երբ կամավոր էր ստանձնել այդ բարեգործական պարտավորությունը: Վարչապետիդ կողմից ոչ մի խոսք, ոչ մի ձեն-ծպտուն:
Ինչևէ, հասանք ֆիլմիդ ֆաբուլայի վերջին մասին: Որպեսզի իրավիճակն ինչ-որ կերպ շտկվի և հանրությունը հանգիստ լինի, որ ընտանիքապետությունում խնդիր չկա, վարչապետդ տիկնոջ հետ միասին մի ողջ օր առավոտից երեկո անցկացրեց Երևանի տարբեր սրճարաններում և ռեստորաններում` «ցուցադրելով», որ ընտանիքապետության երեկոները խաղաղ են: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն օրը մինչև ատամները զինված ագրեսոր Ադրբեջանը համաշխարհային տեղեկատվական դաշտում ողջ օրը պատերազմ նախապատրաստելու հակահայկական քարոզարշավ էր իրականացնում: Ճիշտ է, քո կյանքում ոչինչ չի փոխվելու այս իրավիճակից, որովհետ վարչապետիդ «կառավարման» արդյունքները երբեք չես զգալու մաշկիդ վրա, քանզի Հայաստանում չես ապրել, չես էլ ապրելու, բայց հավատա` համաշխարհային մշակույթի համար մի լավ բան արած կլինես, եթե այս ընտանեկան դրաման մեծ էկրաններ բարձրացնես: Ֆիլմն էլ կարող ես վերնագրել «Ընտանիքապետության հակառակ կողմը»: