Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:

Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել