Հայաստանի քաղաքական կյանքը ցույց է տալիս, թե ով ինչ կոմպլեքսներ ունի, ով ինչ է ունեցել և ինչ չի ունեցել փոքր տարիքում, ինչ է երազել ունենալ, ինչ է կարդացել և ինչ չի կարդացել, որն է նրա պատկերացրած երջանկությունը, պետական կարգը, մարդկային փոխհարաբերությունը։

Ողբերգականն այն է, որ մտավոր, հոգևոր ու նույնիսկ ֆիզիկական հատկանիշներով գեղցիներն են հայտնվել իշխանական բուրգի գագաթին ու փորձում են մեզ ճաշակ թելադրել, մտածելակերպ պարտադրել։

Սրանք իրենց առաջադեմ են ուզում ներկայացնել, ու իրենց թվում է, թե պապից ավելի կաթոլիկ երևալն է ժամանակակիցը։

Սրանք մոդեռնիզացիան շփոթել են գեդոնիզմի հիմքով վեստերնիզացիայի հետ։ Վեստերնիզացիա, որի դեմ կռիվ է տալիս բուն Արևմուտքը։ Արևմտյան (համամարդկային) արժեքների պրոֆանացիայի դեմ կռիվ է տալիս վեբերյան, շպենգլերյան, հյուգոյական, գյոթեական աշխարհը, մինչդեռ «մերոնք» մնացել են արևմուտքի արտադրական թափոնի տակ։

Սրանք չունեն սեփական ու ազգային «ես»-ը։ «Ես», որով դու կարող ես աշխարհից վերցնել ու աշխարհին տալ։

Սրանք իրենց հակադիր բևեռ են նշանակել «տրեխավոր» հետադիմականներին, որպեսզի նրանց ֆոնին իրենք առաջադեմ ու ժամանակակից երևան, մինչդեռ «տրեխավոր» հետադիմականները և գլոբալիզմի թերմացքը նույն մեդալի հակառակ կողմերն են՝ անգրագետ, կեղծ, անդեմ, մանկուրտ։

Գլոբալ գեղցին ու լոկալ ռաբիսը նույն զիբիլն են, նույն մարգինալներն են, նույն կոմպլեքսավորվածներն են ու թերուսները։ Մեկը հիմքից կտրված է, մյուսը՝ հիմքը գռեհիկ է դարձնում ու արժեզրկում։ Իրական ազգայինն ու առաջադեմն այս երկուսից դուրս է գտնվում։

Ազգային–առաջադիմականը մաշտոցյան տառերի, տերյանական «Հոգևոր Հայաստանի», թումանյանական տեքստերի՝ հեքիաթների, նամակների, հրապարակախոսությունների, Նարեկացու տիեզերական վարդապետության, Սարյանի վրձնի, Այվազովսկու ծովանկարչության, Հեմինգուեյից էլ ավելի ամերիկացի Վիլյամ Սարոյանի պարզ ու խոր պատմվածքների, Շարլ Ազնավուրի ֆրանսալեզու երգերի, Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածի, Արկադի Անդրեասյանի գլուխը վեր պահած ֆուտբոլային խաղի, վալսի թագավոր Շտրաուսից էլ բարձր թռիչքի հասած խաչատրյանական վալսի, համաշխարհային էկրանները նվաճած ու ռոք աստղերի կողքին ուրույն տեղ ապահոված հայկական դուդուկի, աշխարհի մակարդակի զինվորական հանճարների, սոցցանցերում գրագետ ու հայատառ գրողների, սահմանամերձ գոտում իր տունը կառուցողի, Օտյան, Օրուել և Օրտեգա ի Գասետ կարդացողի, «Samsung»-ում ծրագրավորման բարձր մակարդակ ապահովողի, բռնցքամարտի համաշխարհային պատմության մեջ ձեռագիր թողնողի, 1-ին հանրապետության չգնահատված հերոս Արամ Մանուկյանի պես պետական պաշտոնյայի, Նժդեհի պես Սյունիքը պահողի, մեր ժամանակակիցների պես Արցախն ազատագրող ռազմաքաղաքական ղեկավարների ու զինվորների, շարականների, մեր էպոսի միջոցով դրսևորվողն է։

Արժեքների առումով Սոկրատը, Արիստոտելը, Դոստոևսկին, Հյուգոն, Գոգոլը, Հոֆմանը, Բախը, «Լեդ Զեփելինն» ինձ համար ավելի հոգեհարազատ են ու, եթե կուզեք, ավելի ազգային, քան հայական անուն-ազգանունով որոշ մարդկանց ստեղծածը։

Առանց ազգային «ես»-ի մենք պետք չենք համաշխարհային «մենք»-ին։ «Մենք»-ն էլ մեզ պետք չի լինի, եթե «ես»-ը չունենանք։

Անկեղծ ասած՝ ո՞ւմ է պետք համաշխարհային «մենք»-ը, եթե այնտեղ իր կայուն տեղն ու դերը չունի մեր ազգային «ես»-ը։ «Ես», որի այցեքարտը Հայաստանի ու Արցախի ազգային, արդիական, անվտանգ ու բարեկեցիկ հանրապետությունները պետք է լինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել