Պարզվում է՝ մոլորակի վրա կան վայրեր, որտեղ մարդիկ չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին։ Բարվան-Կալա գյուղի բնակիչները, օրինակ, իշխանություններին երկար ժամանակ այդ հարցը լուծել խնդրելուց հետո իրենք են գործի անցել ու ընտանիք կազմում։

Հնդկական Բարվան-Կալա գյուղում չամուսնացած տղամարդիկ շատ կան։ Բիհար նահանգի համար 121 չամուսնացած տղամարդը ռեկորդային թիվ է, ավելի ճիշտ՝ հակառեկորդ։ Արդեն 50 տարի է, ինչ գյուղում հարսանիք տեղի չի ունեցել։

Բնակավայրը գտնվում է բլրոտ վայրում, և հաղորդակցություն այլ գյուղերի կամ բնակավայրերի հետ բացակայում է։ Նախկինում գյուղից քաղաք տանող ճանապարհ անգամ գոյություն չուներ։ Չամուսնացած տղամարդկանց տարիքը տատանվում է 16-ից մինչև 80, այսինքն՝ գյուղում ապրում են արական սեռի ներկայացուցիչներ, որոնք ողջ կյանքի ընթացքում ամուսնացած չեն եղել։

Խնդիրը ոչ միայն ճանապարհների մեջ է։ Եթե այստեղի տղամարդիկ փորձում են հարաբերություններ սկսել հարևան բնակավարերում ապրող աղջիկների հետ, վերջիններիս մայրերն արգելում են նրանց ամուսնանալ Բարվան-Կալայի բնակչի հետ, քանի որ այնտեղ ոչ մի ենթակառուցվածք գոյություն չունի։ Գյուղում կան ջրհորներ, որոնցից ոչ մեկը չի աշխատում, կան դպրոցներ, որտեղ ուսուցիչներ չկան, իսկ ամենամոտ գտնվող հիվանդանոցն ու ոստիկանության բաժինը գյուղից 45 կմ հեռավորության վրա են։ Պատկերն իսկապես տխուր է. գյուղը մահանում է, և դրա պատճառը, ըստ չամուսնացած տղամարդ բնակիչների, կանանց բացակայությունն է։

Տղամարդիկ որոշել են իրենց հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչների հետ կապ հաստատել, վերցրել են անհրաժեշտ իրեր ու գործիքներ և ճանապարհ են սկսել կառուցել։ Նրանց նպատակը կյանքի ուղեկիցներ գտնելն է, ապա գյուղը բարեկարգելը։ Պարզվում է, սակայն, ճանապարհ բացելիս նրանք անցել են բնապահպանական արգելոցի տարածքով, ինչը ենթակա է քրեական պատասխանատվության։ Սակայն անգամ դա չի խանգարել տղամարդկանց, և նրանք մեծ պլաններ են մշակում ու ակտիվորեն հարսնացուներ փնտրում։

Ոմանց բախտն արդեն բերել է, և նրանք հաջող ամուսնացել են, և, վերջապես, Բարվան-Կալայում հայտնվել են կանայք ու տեղի են ունեցել հարսանիքներ։ Այսօր գյուղից դուրս է գալիս նաև ճանապարհ, որն ամեն ինչ ավելի է հեշտացնում։ Այդ ճանապարհը տղամարդիկ անվանել են «սիրո ճանապարհ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել