Սեպտեմբերի 11-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպել է հանդիպում-քննարկում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառաությունը:

Հանդիպումը վարում էին մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Գոհար Սարգսյանը:

Ճանաչողական հանդիպմանը քննարկվել են Արցախում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության ուղղություններին, «Երիտասարդության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը, Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երիտասարդության դերը հանրային հնչեղություն ներկայացնող թեմաների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ հետևողականության գործում:

Ամփոփելով հանդիպումը՝ Արամ Հարությունյանը ՀԿ–ների ներկայացուցիչներին կոչ է արել հետագայում ակտիվ մասնակցություն ցուցաբերել խորհրդարանում կազմակերպվող համապատասխան լսումներին և պատրաստակամություն հայտնել տարբեր ձևաչափերով  հանդիպումների միջոցով ակտիվ երկխոսություն ապահովել ՀԿ-ների և խորհրդարանի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել