Ամուլսարի շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտը շարունակում է սպառնալ մեր և մեր ընտանիքների անվտանգությանը:

Նախորդ օրերին հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ անձինք խուլիգանություն
իրականացնում, քարեր նետում Ամուլսարի տարածքում գտնվող պահնորդների և համայնքի բնակիչների ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին:

Առավել մտահոգիչ է, որ այս ապօրինություններն աջակցություն են ստանում ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամավորների կողմից:

«Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների անունից հրավիրում է պատգամավորներին մեր համայնքներ՝ ծանոթանալու իրենց կողմից խրախուսվող ապօրինությունների արդյունքում ստեղծված ծանր սոցիալական իրավիճակին, դատարկված համայնքների իրական խնդիրներին, եթե, իհարկե, նպատակը ժողովրդի կողքին կանգնելն է, ոչ թե այլ նպատակներ ունեն։

Կրկին դիմում ենք իրավապահ մարմիններին և ՀՀ կառավարությանը։ Պահանջում ենք վերականգնել օրինականությունն Ամուլսարում, ապահովել համայնքի բնակիչների անվտանգ աշխատելու սահմանադրական իրավունքի իրացումը: Ցուցարարները համայնքը չեն։ Մենք ակնկալում ենք, որ համայնքի անվտանգությունը պետության խնդիրն է, և անթույլատրելի է անտեսել ապօրինությունն ու համայնքի բնակիչներին սպառնացող վտանգը, արտագաղթը, սոցիալական ծանր վիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել