Здание Конгресса США

ԱՄՆ Սենատի կոմիտեն հինգշաբթի օրը հավանության արժանացրեց Պետդեպի ֆինանսավորման մասին օրենքը՝ լրացումով, որն ուղղված է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի ԱԱԾ-ի նախկին աշխատակից ու ինֆորմատոր Էդվարդ Սնոուդենին ապաստան չտրամադրվի:

Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Լինդսի Գրեհեմի հեղինակած օրենքի լրացումը ընդունվեց միաձայն: Դրանում մասնավորապես ասվում է, որ եթե ինչ-որ երկիր Սնոուդենին ապաստան տրամադրի, ապա պետքարտուղարը պետք է խորհրդակցի Կոնգրեսի հետ՝ այդ երկրի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

«Կոմիտեն նշում է, որ մի շարք երկրներ քաղապաստան են առաջարկել ԱՄՆ-ի քաղաքացի Էդվարդ Սնոուդենին, ով ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկություններ էր հրապարակել: Կոմիտեն հանձնարարում է պետքարտուղարին խորհրդակցել Կոնգրեսի համապատասխան կոմիտեների հետ՝ ցանկացած երկրի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցով, որը ապաստան կտրամադրի պարոն Սնոուդենին, ընդհուպ մինչև առևտրային առավելությունների ու զեղչերի չեղյալ հայտարարում և կասեցում», - ասվում է Գրեհեմի լրացման մեջ:

Լրացման մեջ տեղ գտած ձևակերպումները բավականին հեռու են պատժամիջոցների փաստացի կիրառումից: Բացի դրանից` Ռուսաստանն այժմ ԱՀԿ անդամ է և ցանկացած պատժամիջոց կարող է բերել պատասխան քայլերի՝ արդեն ԱՄՆ-ի նկատմամբ, որոնք կարող են հաստատված լինել ԱՀԿ-ի կողմից:

Սենատոր Գրեհեմը հանդիսանում է Սնոուդենի գործի վերաբերյալ ռուսական մոտեցման գլխավոր քննադատներից մեկը: Նա անգամ հայտարարել է, որ Օբաման պետք է մտածի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին, եթե Ռուսաստանը որոշեց ապաստան տրամադրել Սնոուդենին:

Մինչդեռ, Սնոուդենը շարունակում է գտնվել Մոսկվայի Շերեմետյեվո օդանավակայանում, մինչև իրեն կտրամադրվեն Ռուսաստան մուտք գործելու թույլատվություն տվող փաստաթղթեր:

Встреча Сноудена с правозащитниками в Шереметьево

Գրեհեմի լրացումը դարձավ հինգշաբթի օրն ընդունված պետդեպարտամենտի 2014 թվականի ֆինանսավորման մասին օրինագծի մի մասը: Պետդեպարտամենտի և արտաքին դրամաշնորհերի ծախսերի համար հատկացվել է 50.6 միլիարդ դոլար: Սա 10 միլիարդով ավելի է, քան առաջարկել էր Ներկայացուցիչների պալատը, բայց 2.7 միլիարդով պակաս, քան հատկացվել էր 2013 թվականի համար:

Օրինագիծը կոմիտեի կողմից ընդունվել էր 23 «կողմ» և 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: 

Քվեարկության ժամանակ 7 հանրապետական սենատոր միացել էր 16 դեմոկրատ սենատորի և կողմ էր քվեարկել օրինագծին, ինչը ցույց է տալիս, որ հանրապետականների ճամբարում պառակտում կա՝ հաջորդ տարվա բյուջետային ծախսերի կրճատման հարցի շուրջ:

Կոմիտեի ղեկավարի տեղակալ, Ալաբամա նահանգի հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին ասել է, որ դեմ է քվեարկել օրինագծին, քանի որ այս փաստաթուղթը նպաստում է, որպեսզի 2014 թվականի բյուջեի ծախսերն էլ ավելի աճեն՝ հասնելով 1.058 տրիլիոն դոլար կազմող մաքսիմալ սանդղակին, ինչը ավելին է, քան որոշված էր սեկվեստորով:

Ինչ վերաբերում է Գրեհեմին, ապա նա հայտարարել է, որ հպարտանում է այս օրինագծով, հատկապես դրա այն մասով, որով սահմանափակվում է Եգիպտոսին հատկացվող օգնությունը՝ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:

Ի դեպ, այս կոմիտեն արդեն աչքի էր ընկել օրինագծում մի քանի վիճահարույց լրացումներ մտցնելով: Այսպես, այդ լրացումներից մեկով, որն ընդունվել էր 19/11 ձայների հարաբերակցությամբ, թույլատրվում է UNESCO-ի հատուկ ծրագրի ֆինանսավորում Լուիզիանայում, չնայած նրան, որ ԱՄՆ-ն չի ֆինանսավորում այս կազմակերպությանը՝ Պաղեստինը ճանաչելու պատճառով:
Մեկ այլ լրացումով` կոմիտեն, նորից 19/11 ձայների հարաբերակցությամբ, կասեցրել է այսպես կոչված «բերան փակելու» համաշխարհային կանոնը, որը մինչև Օբամայի կողմից կասեցվելը արգելում էր այնպիսի կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք հանդես էին գալիս աբորտներն աջակցող ու խրախուսող նախաձեռնություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել