Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի փլատակների տակ 56 տարեկան տղամարդ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա նշեց, որ փլուզումից 3 քաղաքացի է տուժել, իսկ տարհանված 21 քաղաքացիները չեն վնասվել: Նրանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ 

Հարցին՝ հնարավո՞ր է` շենքի մյուս հատվածն էլ փլուզվի, նախարարը պատասխանեց. «Սեյսմիկ ծառայությունից ասացին, որ այս պահին նման վտանգ չկա։ Պանելային շենք է, սրանք սեյսմակայուն շենքեր են։ Երկրաշարժի ժամանակ այդ պանելային շենքերը չփլուզվեցին։ Գյումրիում 9 հարկանի այսպիսի շենքերը չփլուզվեցին։ Մնացել է հիմնական աշխատանքը, որ կարողանան փլատակները մաքրել։ Տեսնենք՝ փլատակների տակից ինչ դուրս կգա։ Քանի որ աշխատանք է տարվում, այդ ընթացքում կարող են փոփոխություններ լինել, այդ պատճառով տարհանել ենք ամբողջ շենքի բնակիչներին»։

Նախարարը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմակերպվել է բնակիչների ժամանակավոր կացարանի հարցը. «Քաղաքացիները կունենան մնալու տեղ։ Աստված տա, որ կարողանանք երրորդ մարդուն փրկել»։

Նա տեղեկացրեց, որ իրենք կասկածներ ունեն, որ երկրորդ հարկում է եղել պայթյունը։

Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում պայթյուն է եղել, որի հետևանքով մասամբ փլուզվել է շենքը։

Նախնական վարակածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Կա 3 տուժած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել