Pastinfo.am-ը գրում է․

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկի մոտ դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանից։

«Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Կյանքին վտանգ սպառնում է»,- նշեց Դերձյանը։
Նշենք, որ նույն ընտանիքի մյուս 5 երեխաներն օրեր առաջ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Խաշթառակից տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 14-ին, 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում 57-ամյա տղամարդը նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել