ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը` ներկայացնելով որոշ կետեր հանձնաժողովի բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակից:

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝

- Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ։

- ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։

Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները»,- գրել է նա:

Դանիել Իոաննիսյանը նաև նշել է, որ երկար մտածելուց ու այլ ՀԿ-ների հետ քննարկելուց հետո որոշել է կողմ քվեարկել որոշմանը: Նա նաև հոմզմունք է հայտնել, որ «փոփոխության վերջնական ընդունման դեպքում արդարադատությունը և, մասնավորապես, սահմանադրական արդարադատությունը ավելի հասու և արդյունավետ կդառնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել