Կարդում եմ լրահոսում թավշյա աղջիկների և տղաների արդարացումն այն խայտառակության, որին ազգովի ականատես եղանք երեկ:
Թավշյա առաջնորդի անհագուրդ եսապաշտությունը պաշտպանելիս շատ զգույշ պետք է լինեք նրա հարցազրույցի շուրջ արծարծված քննարկումների շարժառիթները կամայականորեն գնահատելիս:
Անգլերենի բավարար չիմացության, Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տրված հարցերին պատասխան տալու անընդունակության վերաբերյալ երեկ բազում գնահատականներ հնչեցին: Իսկ այսօր առավոտյան ԱԺ 89 գլուխներից մեկն արթնացել ու նոր հիմնավորում է գտել. իբր «Հարդ Թոք»-ում բոլորն են անգլերեն տալիս հարցազրույցներ, դեռ մի բան էլ, մնալով թավշյա ոճին հավատարիմ, սույն միտքը գրողն ավելացնում է, որ ի՞նչ է, բոլորդ սկսել եք «Հարդ Թոք» նայել, վերլուծել ու համեմատե՞լ, ի՞նչ է, ուզում եք Թավշագույնին քննադատել:
Չի կարելի, անթույլատրելի է, անընդունելի է այս աստիճան դիլետանտիզմի մթնոլորտը, որ դուք ստեղծել եք մասնագիտական համայնքի դեմ գրեթե բոլոր ոլորտներում: Այս աստիճան անձապաշտությունը գործել, գործում է և կգործի նախևառաջ պետականության, և ուրեմն հենց ձե՛ր թիմի դեմ: Որքա՞ն կարելի է բացատրել:
Ցանկացած փորձագետ, որը քչից-շատից իսկապես հետաքրքրված է համաշխարհային զարգացումներով, բնական է, դիտել և դիտում է «Հարդ Թոք» ծրագիրը` հասկանալու այն ռազմավարական վեկտորը, որի ջատագով է Մեծ Բրիտանիան և ընդհանուր հաշվով` արևմտյան բլոկը: Ոչ, Թավշագույնը չկա այնքան, որ իր հայտնությամբ սկսվի փորձագետի կողմից «Հարդ Թոք»-ի բացահայտումը:
Ավելին, դիտած լինելով այս ծրագրով հեռարձակված բազում բեկումնային հարցազրույցներ, որոնք իսկապես էպիկ բովանդակություն ունեն, մարդու սիրտ է ճմլվում` տեսնելով, թե ինչպիսի ցածրորակ մտքեր են փոխանցվում մեր մի հատիկ հայրենիք ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին, նման դիլետանտ, այդպես էլ չկայացած, փողոցային միտինգահավաքության մակարդակը չլքած գործչի շուրթերից: Անձամբ ես նույն զգացողությունն ունեցել եմ նրա միանգամայն տգետ հայտարարություններից` արված Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, ՄԱԿժում, ԵԽԽՎ-ում, Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում կազմակերպված, Արցախյան հաղթանակները գետնահարող բազար-շոուում, ուր Ալիևյան կլանը հռհռում էր Թավշագույնի և ուրեմն` ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ վրա:
Միգուցե աղանդավորա-տրանսգենդերա-սորոսա-լևոնա-մերժականների ձեր ներքին լսարանի ականջները շոյի այն սուտը, թե իբր «Հարդ Թոք»-ում բոլորը պարտադիր անգլերեն են հարցազրույց տալիս, սակայն ճշմարտությունը միանգամայն հակառակն է. պարզապես գուգլելով «Հարդ Թոք»-ի՝ տարիների ընթացքում հավաքված կոնտենտը` կհանդիպեք ԲԱԶՈՒՄ հարցազրույցների, ուր հյուրը խոսել է իր մայրենի լեզվով: Եվրոպայում, որն այս հաղորդաշարի հիմնական լսարանն է, միանգամայն բնական է ընկալվում մայրենի լեզվով ու զուգահեռ թարգմանչությամբ տրված հարցազրույցը: Լսարանը օխ ու ախ չի քաշում` ասելով՝ վա՜յ, ինչ ամոթ է, անգլերեն չգիտի: Լսարանին հետաքրքիր է խոսվածի բովանդակությունը, որը մեր թավշի դեպքում նույնն էր, ինչ հնչեցրել էր պարտվողականորեն Զոհրաբ Մնացականյանը 2019-ի հոկտեմբերին:
Մեծ Բրիտանիայի հանրային հեռուստատեսությունը հնչեցրեց հիմնական դրդապատճառը, որի համար ձեր փողոցային վակխանալիայի ու դրան հաջորդող ռեպրեսիաների վրա Եվրոպան աչք էր փակել: Դուք եկել էիք Արցախյան հիմնահարցում «բեկում» բերելու այն սցենարով, որը մաքսիմալ կծառայեր սույն պետության և նրա գլխավորած բլոկի գեոքաղաքական շահերը: Եվ երեկ պարզ տեքստով ձեզ ասացին. «Ուշանում եք», «Չեք կարողանում գլուխ հանել»:
Ի հեճուկս ձեզ, ըստ էության, ոչ թե ուշանում եք, զի հայրենասեր եք, այլ ուշանում եք, որովհետև ազգային օրակարգի ջատագով հասարակությունը զգոն է և թույլ չի տա իր մեջքի հետևում որևէ վերելակային խամաճիկություն, չի կուրանա կեղծ օրակարգերի անվերջ շարանով, առավել ևս՝ համոզիչ չի համարի «բոլորն են այնտեղ անգլերենով հարցազրույց տալիս» հիմար ձևակերպումը: Նույնիսկ եթե հայերեն խոսեր, նույն վերելակային բանաձևն էր ցիտելու, իր աննախադեպի գովքն էր անելու, չեղած տնտեսական «թռիչքի» երգն էր երգելու, համավարակն իր նեղ քաղաքական օրակարգին ծառայեցնելն ու 1000-ից ավել մահ պատճառելն էր արդարացնելու...
Հայերեն, ռուսերեն, թե անգլերեն՝ թավշյա աղբը մնում է նույն թավշյա աղբը և այն առ ոչինչ է «Ղարաբաղը ԵՐԲԵՔ չի լինելու Ադրբեջանի կազմում» մեր համազգային գերգաղափարի առջև:
Հ.Գ. Քանի որ ձեզանից շատերը շատ երիտասարդ տարիքում են և չունեն աշխարհաքաղաքական իրադարձությունների ամբողջական պատկերի ընկալում, անպայման խորհուրդ եմ տալիս դիտել «Հարդ Թոք»-ի օտարալեզու հարցազրույցները:
Հ.Հ.Գ. Ձեր նման գնահատականներով էլ առանց այդ էլ եսակենտրոն ձեր առաջնորդին վերածեցիք բռնապետի: Առաջինը հենց դու՛ք պետք է նրան հետ պահեիք նման հարթակում առհասարակ խոսելու գաղափարից, իսկ իր պնդաճակատության դեպքում էլ ավելի պնդաճակատ գտնվեիք ու ողջ կուսակցությամբ ՊԱՀԱՆՋԵԻՔ, որ ոչ մի դեպքում անգլերեն չխոսի: