Մի քանի դրական կարծիք լսեցի Նիկոլի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին, իսկ բացասականը միայն անգլերենի որակի մասին էր։

Իրո՞ք ձեզ թվում է, թե ինչ-որ դրական բան կա, երբ Հայաստանը չի համարձակվում ընդունել, որ սեփական տարածքում ինքն է ճանապարհ կառուցում։ Ավելին՝ փաստացի ընդունում է, որ ԼՂԻՄ-ից դուրս շրջանները Ադրբեջանինն են, շինարարության պատասխանատվությունը դնում է Ստեփանակերտի վրա ու դա արդարացնում ընդամենը մարդկանց տեղաշարժի կարիքներով։

Կամ Տավուշում, փոխանակ ամրագրելու սեփական բնակավայրերի անվտանգությունը ապահովելու նպատակով ՀՀ բանակի որևէ գործողություն իրագործելու իրավունքը, խոսում է Ադրբեջանի կողմից մշտադիտարկման մեխանիզմը մերժելու մասին։
Իսկ գլուխգործոցը, իհարկե, իր «Արցախը Հայաստան է և վերջ» բլթոցի հերթական հերքումն էր պատմական բլա-բլա-բլաով։ Ընդ որում, հարցը ձևակերպվել էր որպես կասկած Հայաստանի հանցավոր մտադրության մասին։ Դարձյալ արդարանալով՝ Նիկոլը ոչ միայն հերքեց, որ Երևանը ազատագրված տարածքը Հայաստանին միավորելու մտադրություն ունի, այլև փաստացի ընդունեց, որ դա հանցանք է։ Ու հիմա, եթե նկատենք, որ դա հենց տարածք հանձնելուն նպաստող խոսք է, կասեն՝ ի՞նչ եք ասում, ինչպե՞ս եք համարձակվում մեր սրտի վարչապետին նման բան ասել, բա Սերժիկին ինչո՞ւ նույն բանը չէիք ասում։

Կզարմանաք, բայց ասում էինք։ Եթե չասեինք ու Սերժիկին հանրային ընկալմամբ դավաճան չդարձնեինք, այսօր ձեր ծոծրակը կտեսնեիք, բայց իշխանություն չէիք տեսնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել