Ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում Աֆրիկան: Ամենայն հավանականությամբ, վառող արևով անծայրածիր տարածություն, որտեղ ապրում են առյուծները, որսորդները գալիս են ընձուղտների և զեբրերի հետևից: Նաև ասոցացնում ենք այս մայրցամաքը սևամորթների բնակավայրի հետ, որոնք ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և մեզ համար արտասովոր ավանդույթներ:
Սակայն Աֆրիկայում կան շատ հետաքրքիր վայրեր, որոնք ամբողջովին հակասում են վերոգրյալ պատկերին: Նման վայրերից մեկը հսկայական ճահիճն է, որում բառի բուն իմաստով բնակություն են հաստատել մեծ թվով աֆրիկացիներ: Եվ նրանք ճահիճը համարում են իրենց տունը:
Հարավային Սուդանում Սպիտակ Նեղոսին կից դաշտավայրում է գտնվում աշխարհի ամենախոշոր ճահիճերից մեկը, որը կոչվում է Սուդ: Անձրևային եղանակին Սուդի տարածքը հասնում է մինչև 150 հազար քկմ-ի: Համեմատության համար նշենք, որ Հունաստանը զբաղեցնում է շուրջ 132 հազար քկմ տարածք: Սուդանում Սուդը համարվում է ամենից բերքառատ վայրը: Ճահճի տարածքում ապրում է ավելի քան 450 տեսակ թռչուն և 100 տեսակ կենդանի:

Ավելին՝ Սուդը տուն է դարձել նիլոտներ կոչվող սևամորթ ցեղի ներկայացուցիչների համար: Նրանք սովորել են օգտագործել ճահճային հողերը և դրանց վրա կառուցել են իրենց տները: Ցամաքը ճահճում այնքան էլ շատ չէ, սակայն դրա վրա ապրում է մոտ մեկ միլիոն մարդ:
Նիլոտներն այս տարածքում մի քանի գյուղատնտեսական մշակաբույսեր են աճեցնում, օրինակ՝ լոբազգիներ, կորեկ և այլն: Նրանք զբաղվում են նաև ձկնորսությամբ ու անասնաբուծությամբ:
Ճահճի մեջ տեղաշարժվելը շատ բարդ գործընթաց է, այդ նպատակով բնակիչներն օգտագործում են փայտե նավակներ: Սակայն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված տեխնիկան պարբերաբար կլանում է ճահիճը, ինչն էլ ծայրահեղ բարդացնում է բնակիչների կյանքը:

Սուդ ճահճի տարածքում բնակվել են դեռևս ներկայիս բնակիչների նախնիները: 20-րդ դարում հսկա ճահիճը ցամաքեց: 1978 թ. Սուդանի և Եգիպտոսի իշխանությունները շրջանցող արհեստական ջրանցք ստեղծեցին, որը, ըստ նրանց պատկերացումների, Նեղոսի ջուրն անմիջապես պետք է հասցներ գետի հիմնական ճյուղին: Այդ որոշման արդյունքում ջրով կապահովվեին Նեղոսի շուրջ բնակվող մարդիկ: Եթե այն կառուցեին, ապա ճահիճն ամբողջությամբ կցամաքեր, տարածքը կփոքրանար, և նիլոտները կկորցնեին իրենց տները:
Սակայն նախագիծը կասեցվեց: Սկսված շինարարությունը չհասցրեց էական վնաս հասցնել Սուդի էկոհամակարգին: Ներկայումս ճահիճը շարունակում է տուն մնալ և՛ նիլոտների, և՛ բազմատեսակ կենդանիների ու բույսերի համար:



