Հայ-ադրբեջանական սահմանում մարտական գործողություններից որոշակի ժամանակ է անցել, սակայն Թուրքիան շարունակում է հայտարարություններ անել Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասին և, ըստ այդմ, մեղադրել Հայաստանին։ Սրանով թուրքական կողմը պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը կրկին հասնի էսկալացիայի։

Այս ամենին զուգահեռ Թուրքիան Միջերկրական ծովի իրավասության գոտիների հետ կապված նոր կոնֆլիկտի մեջ է ներքաշվում Հունաստանի և Եգիպտոսի հետ։ Հարցն այն է, որ վերջերս Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյան մասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել, որը կողմերին թույլ է տալիս նաև սահմանազատված գոտիները բացառիկ տնտեսական գոտի հայտարարել։

Իսկ Անկարան իր հերթին հայտարարում է, որ անօրինական է Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքած համաձայնագիրը, և Հունաստանը համաձայնագրում նշված ծովային գոտիների նկատմամբ որևէ իրավունք չունի։ Արդյունքում կողմերի միջև հակասությունները գնալով խորանում են։

Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը Հայաստանը կարող է հակազդել Հունաստանին և Եգիպտոսին աջակցություն հայտնելով։ Կարծում եմ՝ այս համատեքստում կարիք կա նաև անհրաժեշտ աշխատանքներ տանելու Հունաստանի, Եգիպտոսի, ինչպես նաև Կիպրոսի հետ համագործակցության նոր ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել