Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը Հայաստանը կարող է հակազդել Հունաստանին և Եգիպտոսին աջակցություն հայտնելով


17:00 , 12 օգոստոս, 2020

Հայ-ադրբեջանական սահմանում մարտական գործողություններից որոշակի ժամանակ է անցել, սակայն Թուրքիան շարունակում է հայտարարություններ անել Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասին և, ըստ այդմ, մեղադրել Հայաստանին։ Սրանով թուրքական կողմը պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը կրկին հասնի էսկալացիայի։

Այս ամենին զուգահեռ Թուրքիան Միջերկրական ծովի իրավասության գոտիների հետ կապված նոր կոնֆլիկտի մեջ է ներքաշվում Հունաստանի և Եգիպտոսի հետ։ Հարցն այն է, որ վերջերս Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյան մասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել, որը կողմերին թույլ է տալիս նաև սահմանազատված գոտիները բացառիկ տնտեսական գոտի հայտարարել։

Իսկ Անկարան իր հերթին հայտարարում է, որ անօրինական է Հունաստանի և Եգիպտոսի միջև կնքած համաձայնագիրը, և Հունաստանը համաձայնագրում նշված ծովային գոտիների նկատմամբ որևէ իրավունք չունի։ Արդյունքում կողմերի միջև հակասությունները գնալով խորանում են։

Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը Հայաստանը կարող է հակազդել Հունաստանին և Եգիպտոսին աջակցություն հայտնելով։ Կարծում եմ՝ այս համատեքստում կարիք կա նաև անհրաժեշտ աշխատանքներ տանելու Հունաստանի, Եգիպտոսի, ինչպես նաև Կիպրոսի հետ համագործակցության նոր ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ։