Fip.am-ը գրում է․
Ազգային ժողովի նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ խոշոր շինարարություն է իրականացնում Երևանի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ:
Պարզվում է, սակայն, որ մայրաքաղաքի ամենասրտում՝ Երևանի քաղաքապետարանից ոչ հեռու իրականացվող շինարարությունն ապօրինի է եղել՝ առանց համապատասխան թույլտվության։
«Նարեկ» ընկերությունը մտնում է «Սիլ» կոնցեռնի մեջ։ Այս ընկերությանն է պատկանում նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը և դրան կից «Ռոսիա» մոլը։ Ընկերության բաժնետերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա երեք եղբայրները` Էդուարդ, Ռոբերտ և Սարիբեկ Սուքիասյանները, որոնցից յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս։
Ե՞րբ է սկսվել շինարարությունը
Ուսումնասիրելով Google Earth ծրագրով հասանելի արբանյակային լուսանկարները` պարզ է դառնում, որ տարածքում շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2016 թվականի առաջին կեսին։
Շինհրապարակ այցելության ժամանակ Fip.am-ը չկարողացավ գտնել որևէ ցուցանակ կամ պաստառ, որում տեսանելի կլիներ շինարարության թույլտվության առկայությունը (նշենք, որ պաստառի առկայությունը պարտադիր է)։ Ու թեև ընկերությունը շուրջ երեք տարի ակտիվ աշխատանքներ է իրականացրել, սակայն քաղաքային իշխանությունները միայն 2019 թ. փետրվարին են բացահայտել ապօրինի շինարարությունը։
Ե՞րբ է բացահայտվել ապօրինի շինարարությունը
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առանց համաձայնեցված նախագծի և շինթույլտվության կառույցը հայտնաբերվել է քաղաքապետարանի աշխատակազմի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 2019-ի փետրվարի 20-ին, որոնք կասեցրել են տարածքում շինարարությունը։
Արդեն 2019-ի մարտի 14-ին «Նարեկ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ Տիգրան Մեծի պողոտա 16/4 հասցեում սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող և Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կիսակառույց շինություններն օրինականացնելու համար:





