Պաշտոնական լրահոսի համաձայն՝ ՀՀ վարչապետի մոտ օրեր առաջ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Առաջին հայացքից սովորական թվացող այս լրատվությունն իրականում իր մեջ պարունակում է տարօրինակ, ինչ-որ առումով նաև զավեշտալի երանգներ։ Իր գործունեության 2 տարիների ընթացքում արմատական ռեֆորմների իրականացման որևէ ռազմավարություն չհաստատած, ապագայի վերաբերյալ տեսլական չունեցող, կառավարության գործունեության ծրագիրը կենացների ժողովածու դարձրած, համալիր տնտեսական զարգացման ռազմավարության բացակայության պայմաններում տնտեսական աճի ձգտող, սակայն դրան չհասնող կառավարությունը քննարկում է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը...

Քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական և այլ ոլորտներում իշխանությունների չհամակարգված, հախուռն և տարերային գործողություններն, ակնհայտորեն, վկայում են կառավարման գործընթացի ծրագրային ապահովվածության բացակայության մասին: Իսկ դա իր հերթին քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավված անձանց՝ կառավարման մասին ունեցած տարրական և մակերեսային պատկերացումների, ինչպես նաև ակադեմիական գիտելիքների և գործնական հմտությունների խորը դեֆիցիտի հետևանք է:

Անիմաստ է ծրագրային կառավարում ակնկալել մի իշխանությունից, որի կառավարության շատ անդամներ չեն բավարարում անգամ իրենց ղեկավարած գերատեսչություններում կրտսեր մասնագետին ներկայացվող ֆորմալ պահանջներին: Պատկերն ավելի է ամբողջանում, երբ հաշվի ենք առնում նաև այն դառը իրողությունը, որ պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրում պատգամավորների մի զգալի հատվածը աշխատանքային գրքույկ ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո:

Կառավարման համակարգում նման պաշտոնյաների ֆիզիկական ներկայությունն անգամ անարգանք է ոչ միայն պետության և պետականության, այլ նաև պետական համակարգում տարիներ շարունակ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով, անբասիր և անձնվեր աշխատանքով աչքի ընկած և պետական համակարգի անխափան գործունեությունն ապահոված բազմաթիվ վաստակաշատ պետական ծառայողների հանդեպ: Ի դեպ, վերջիններս, ի տարբերություն փողոցից պետական բարձր պաշտոններին հայտնված մի շարք «նվիրյալների», իրենց աշխատանքային ողջ կենսագրության ընթացքում երբեք չեն բարձրաձայնել պետությանը մատուցած իրենց ծառայությունների դիմաց ունեցած բարձր ակնկալիքների մասին, չնայած որ շատ ու շատ անգամ առավել արժանի են եղել դրանց, քան մերօրյա նվիրյալները:

2018 թվականի ապրիլյան իշխանափոխության կողմից երկրին հասցված ծանր հարվածներից մեկն էլ պետական բարձր պաշտոններին այնպիսի անձանց նշանակումն էր, ովքեր մինչ այդ երբևէ հասարակությանը չէին հիշեցրել իրենց գոյության մասին, առանձանում էին ընդգծված դիլետանտիզմով և ինքնավստահ տգիտությամբ, իսկ երկրի և պետության մասին պատկերացումները փողոցի մակարդակը չէին գերազանցում:

Նման անձինք իրենց ներկայությամբ անցած տարիներին արժեզրկեցին և շարունակում են արժեզրկել թե՛ պետական կառավարման համակարգը և թե՛ պետական պաշտոնյայի բարոյական և մասնագիտական նկարագիրը: Երբ նախարարը տարրական պատկերացում չունի իր ղեկավարած ոլորտի հիմնախնդիրների, էլ չենք ասում՝ դրանց լուծման ուղիների մասին, դա վերջի սկիզբն է:

Հ.Գ. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով ներկայիս իշխանությունը խոստանում էր, որ ներդնելու է մերիտոկրատական` արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային և քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին: Թերևս նշված խոստման իրագործման պերճախոս վկայությունը պետք է համարել ոլորտային պատասխանատու պաշտոններում հայտնված և այդ ոլորտի հետ բացարձակ մասնագիտական առնչություն և կապ չունեցող քայլած պաշտոնյաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել