Մեհրիբան Ալիևայից սկսած գողական աշխարհի ադրբեջանցի ներկայացուցիչներով վերջացրած, Վլադիմիր Պուտինից սկսած ռուսական իրավապահներով վերջացրած, ծիրանային ֆլեշ–մոբին մասնակցած հայերից սկսած մինչև ինքնակոչիկ փրկիչներով վերջացրած, Ռուսաստանի հայերի միությունից սկսած մինչև գողական աշխարհի հայ ներկայացուցիչներով վերջացրած։ Այս բոլորը արձագանքել են կամ ներգրավված են եղել Մոսկվայում տեղի ունեցած բախումներին։
Մեհրիբանը կազմակերպել ու քաջալերել է ադրբեջանցի հրոսակներին, ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները գործել են Բաքվից եկած հրահանգներով, գողականները կոչ են արել դադարեցնել արյունահեղությունը, Պուտինն իրավապահներին հանձնարարել է պատժել օրինախախտ ադրբեջանցիներին, ՌՀՄ–ն ակտիվ աշխատել է հայերի իրավունքները պաշտպանելու համար և այլն։
Միակ սուբյեկտը, որը պետք է ակտիվ լիներ, բայց ամբողջությամբ բացակայել է՝ Հայաստանի Հանրապետությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ՀՀ իշխանությունը բախումներին չարձագանքեց ո՛չ իր խոսքով, ո՛չ իր գործով։
Փաշինյան–Պուտին հարաբերություններն այն աստիճանի են սառեցված, որ անգամ հեռախոսազրույց չի տեղի ունեցել, որի ընթացքում Փաշինյանը կարող էր գոնե մտահոգություն հայտնել Մոսկվայում հայերի նկատմամբ ադրբեջանցիների հարձակումների կապակցությամբ։ Փոխարենը Փաշինյանը «լայվ» մտավ, ազդարարեց, որ կորոնավիրուսի պատճառով 700–ին մոտ մահ ունենք, մեղադրեց դիմակ չդնող անկարգապահ ժողովրդին և վերջ։