Երկու օր տարբերությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը դրամահավաքային կոչերով են հանդես գալիս։ Նիկոլը «էստի համեցեք» է անում դեպի «Զինվոր» հիմնադրամ, իսկ նախագահն էլ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամ։

Բացարձակ չեն ցանկանում անդրադառնալ հավաքագրվելիք գումարների նպատակներին։

Բայց խնդիրն այն է, որ երբ նախկիններից ինչ-որ մեկը նույն բարի նպատակով կոչ էր անում գումար հավաքել, արժանանում էր վիրավորանքների և լուտանքների, որին մեծ հաճույքով միանում էին նախկին ընդդիմադիր, իսկ այժմ իշխանության մաս կազմող բազմաթիվ անձինք, այդ թվում նաև՝ Նիկոլի ընտանիքին պատկանող ԶԼՄ-ները։

Հայաստանի նախագահի և վարչապետի այս կոչերն ընթերցելիս ակամայից հիշեցի 2018 թ․-ի հունվար ամիսը, երբ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր facebook-յան էջում ծանր վիրավորված մեր զինվորներից մեկին արտասահման բուժման ուղարկելու նպատակով դրամահավաքի կոչով էր հանդես եկել և բացատրել, թե ինչու ՊՆ-ն չի կարող այդ գումարը տրամադրել։ Սարգսյանի այդ կոչը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ դարձավ։ Օգտատերերը և ընդդիմադիրները ՊՆ ղեկավարին մեղադրեցին «բոշայության», «մուրացկանության» մեջ, ամենավերջին վիրավորանքները և լուտանքները տվեցին։
Նույնն էլ կարող եմ ասել «Հայաստան» հիմնադրամի մասին, երբ ամենամյա թելեթոնների ժամանակ տարեցտարի նվազող գումարների մուտքն ուղղակի հրճվանք էին առաջացնում նախկին ընդդիմադիրների՝ այժմյան իշխանավորների մոտ։

Նախկիններին ընդդիմությունը մեղադրում էր պետական գումարները ոչ արդյունավետ ծախսելու և դրամահավաքները դադարեցնելու կոչերով։

Իսկ հիմա հարց․ նույն Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կոչերը բոշայություն և մուրացկանություն չե՞ն, երբ տեսնում ես, թե ինչպես են 2018 թ․-ի մայիսից մինչև 2020 թ․-ի մայիսը Նիկոլի վարչակարգը 110 միլիոն դոլարի պարգևավճարներ բաժանել, երբ միայն 2020 թ․-ին պետական ապարատը պլանավորել է 11 միլիոն դրամի ծաղիկներ գնել, երբ 2019 թ․-ին անիմաստ ամերիկյան այցի համար Նիկոլը պետական բյուջեից ծախսում է 1 միլիոն դոլար գումար և այլն։

Ստացվում է՝ Նիկոլին և իր անձնական օգտագործման նախագահին կարելի է զբաղվել մի բանով, որը Նիկոլն ու իր շրջապատը նախկինում բնութագրում էին որպես մուրացկանություն և բոշայություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել