ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած վերջին գործողությունները ցույց տվեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նաղդալյանն ասել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին ի պատասխան:

«Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն: Սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը»,- ասել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ դեռևս 2016թ. Ապրիլյան պատերազմի սանձազերծումով Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել, իսկ Ադրբեջանի վերջին գործողությունները խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության:

«Վերջին երկու տարում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրեցին 2016թ. ապրիլի դրության»,- նշել է Աննա Նաղդալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել