Panarminian.net-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ քննադատել է հուլիսի լույս 15-ի գիշերը Բաքվի կենտրոնում ցույցեր անողներին։ Նա նշել է, որ հազարներով պատերազմ պահանջողների համեմատ կամավորների թիվն անհամեմատ քիչ է։

«Առավոտյան հարցրել եմ զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության ղեկավարին` քանի՞ հոգի է դիմել զինկոմիսարիատներ պատերազմելու ցանկությամբ... նա ասաց՝ մոտ 150... 60-ը՝ Թովուզից, որտեղ մարտեր են ընթանում։ Իսկ քանի՞ մարդ է հավաքվել Շեհիդների ճեմուղու մոտ․ հազարներ», - նշել է նա։

«Ով ասում է՝ «ուզում եմ պատերազմել Ղարաբաղում», թող ներկայացնի տվյալները զինկոմիսարիատ, թողնի հասցեն, պետք եղած պահին կկանչենք», - ասել է նա՝ շեշտելով, որ զորահավաքի անհրաժեշտություն չկա։

«Ովքեր ուզում են փողոցի հերոս ձևացնել՝ դա վատ ճանապարհ է»,- նշել է Ալիևը։

Բաքվում հուլիսի 14-ի երեկոյից հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել՝ պահանջելով շտապ հայտարարել մոբիլիզացիա և հայերից «ազատագրել Ղարաբաղը»: Ցուցարարները ներխուժել են նաև Ազգային ժողովի շենք՝ վանկարկելով «Մոբիլիզացիա»։ Ուժայինները մահակներ, ջրցան և արցունքաբեր գազ են կիրառել՝ ձերբակալելով ցուցարարների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել