Թվում էր՝ ստրկավաճառության, գաղութացման, հասարակության ստերիլիզացման, երկու աշխարհամարտ սանձազերծած, երիտթուրքերին ներած ու հրեաներին եղեռնած Հին աշխարհն ամեն դեպքում Հիտլերից հետո պետք է դավաներ սեփական իրական արժեքները՝ Արիստոտելից Հեգել, դա Վինչիից Տեսլա, Միքելանջելոյից Շուբերտ, սակայն մետաղադրամային հոգեկերտվածքի ու արժեքային ձևախեղված համակարգի դոմինացիան հասնում է մինչև իսկ աբսուրդային իրավիճակների, որոնց ականատեսն ու դրանց արդյունքում տուժողն էլ նաև մենք ենք մեր ողջ պատմության և հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, երբ «դեմոկրատիայի բաստիոնում» զավթվում է իշխանությունը, ինչպես Սուլլան զավթեց այն Հռոմի Հանրապետությունում, գրոհով վերջնագիր է ներկայացվում ԱԺ-ին, ասես Բաստիլն էին առնում Ֆրանսիայում, դատարաններն են շրջափակվում, ինչպես միջնադարում վհուկների որսը, վերջապես պետության հենասյուն Սահմանադրությունն է ոտնատակ արվում, ինչպես մեկ գրչի հարվածով խելացնոր դիկտատորներն էին ժամանակին չեղարկում օրենք ու իրավունք, կանոն ու կարգ, և այս ամենի դեմ առաջավոր Եվրոպան լուռ էր։

Տակավին միամտություն կլիներ կարծելը՝ Եվրոպան լոյալ է, քանզի հավատում է «Թավշյա հեղափոխությանը», առավել ևս՝ պատրաստ է հանուն նիկոլյան բարքերի նման կերպ սևացնել սեփական դեմքը, նահանջել գոնե ձևականորեն որդեգրած արժեքներից, այդ պարագայում ինչո՞ւ Եվրոպան ոչ միայն լռում է, այլև հարկ եղած դեպքում նաև աչք փակում, երբեմն նույնիսկ թույլատրում պետականաքանդ ու ապազգային մեր իշխանության հայատյաց քաղաքականությունը։ Կարծում եմ, ավելին՝ վստահ եմ՝ եվրոպացիք, ինչպես և ռուսը կամ ամերիկացին նախևառաջ հետապնդում են սեփական շահերը. մեծ հաշվով դա նորմալ է, սակայն եթե մենք էլ կենտրոնաձիգ լինենք ու պետականամետ, մինչդեռ մենք պետականախույս ենք ու միայն լավ թշնամանում ենք բարեկամների հետ, ջուր լցնում թշնամիների ջրաղացին։

Հրայր Թովմասյանի ու ՍԴ դատավորների դիմումը մերժվեց. ժամանակին նույն կերպ անգլիական նավերը չբարձրացան Տավրոսի լեռները, Վիլսոնի իրավարար վճիռը մնաց թղթին, Աստրախանում հիվանդացավ Պետրոս Մեծը. ամեն հայ հավանաբար գիտի Չարենցի՝ «Ով հայ ժողովու՛րդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հանճարեղ ճշմարտությունը, սակայն չափազանց քչերն են ապրում այդ ճշմարտությամբ՝ առանց այլոց դավանելու, սրա-նրա տված հույսով սնվելու, երիցս խաբվելով ու առանց խելքի գալու։ Շուրջ մեկ դար է անցել, իսկ մենք մոռացել ենք Դեր Զորի անապատը, կորսված հայրենիքը, մեկուկես միլիոն անմեղ զոհերին, պանթուրքիզմն ու պանիսլամիզմը, Մեծ Թուրանի կոկորդում մնացած՝ տարվա մեջ մի օր «Արտուշ պապի» ենք խաղացնում, Մասիսի կենացը խմում, թուրքին երգերի մեջ մորթում, ապա տեղում մոռանում՝ վերստին թույլ տալով՝ մի բուռ հայրենիքը դառնա սակարկման առարկա աշխարհիս մեծերի ձեռքին. նրանց կռվախնձորը մեր գոյության առհավատչյան է։

Վաղը Եվրոպան կամ աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոն ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իրավունք չպետք է ունենա ճնշելու գալիքի պրոազգային ու պետականամետ իշխանություններին, որոնք չեն դառնալու «խոսող գործիք» անհայրենիքների ձեռքին, որոնք կոսմոպոլիտիզմի փոխարեն ընտրելու են ազգային պետությունը, այլասերության փոխարեն՝ բարոյականությունը, ջլատման ու կազմաքանդման փոխարեն՝ բռունցքվելն ու միասնությունը, կամայական արդարադատության փոխարեն՝ արդարացի դատաքննությունը, «կիրթ մարդկանց» խոստումներին հավատալու փոխարեն՝ հզոր բանակը, մարդու իրավունքների քողի տակ ազգային պետության կործանման փոխարեն՝ ազգային պետությունը, որտեղ մարդն, անկախ ամենից, կլինի պաշտպանված, կլինի արժեք, որից բարձր է միայն պետությունը, և պետությունը կլինի բարձրագույն արժեք, ոչ թե մարդը, որ ոչ այլ ինչ է, քան մանիպուլյատիվ մի ձևակերպում, շահարկումների օբյեկտ, պատրանք ու միֆ, որ հնարված է մարդուն կամովին ստրկացնելու համար միայն, բայց ոչ հաստատ նրան իրավունքներ ու ազատություններ շնորհելու համար։

Նիկոլի ներքին ու արտաքին քաղաքականությունը կործանարար է, մահաբեր․ ներպետական կառույցները պարալիզացված են կամ գործում են ոչ ի նպաստ քաղաքացու կամ պետության, համաճարակը կյանքեր է լափում, ատոմակայանը փակել են ուզում, կյանքը թանկացել է, քաղաքացին՝ աղքատացել, տուգանքն ու վարկը դավաճանական մի խմբի փորն է միայն կշտացնում, մենք բարեկամացել ենք թշնամիների ու թշնամացել բարեկամների հետ՝ քիրվայություն ենք անում, Արցախն ենք սակարկում։

Մեզ չեն օգնելու, մեր հույսը մենք ենք, ուրեմն ի զե՛ն արտաքին թշնամու առաջ, բայց մինչ այդ օր առաջ ներքին թշնամին՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Հ.Գ. Սա ինչ-որ առանձին գործ չէ, մեկ մարդու խնդիր չէ, սա մեր պետության լինելիության հարցն է, որ մեր իսկ անփութության, հանցավոր էգոիզմի, հաճախ դավադիրներին չտեսնելու, պետություն չսիրելու, դրա արժեքը չգիտակցելու հաշվին հասցրել ենք նրան, որ այն մնացել է եվրոպական արդարադատների հույսին, ու նույնիսկ եթե նրանք արդար գտնվեն ու եթե նույնիսկ կատարելապես ճշմարիտ գործեն, ո՞ր իրավունքով ենք պապերի՝ արյամբ իրականացված երազանքը վստահում նրանց։ Ազգը, որ չի ապրել, զոռով չեն ապրեցնի։ Ուզում եմ, որ ապրելու բնազը գոնե հաղթի մեր մահն ուզողների տենչին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել