Դժվար չէ գուշակել թե ինչ է լինելու դիմումի պատասխանը նկատի առնելով այն փաստը, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ընտրությունների գործընթացը, հաշվարկում է մանդատների ընդհանուր թիվը և համապատասխան հավաքած ձայների կատարում է մանդատների բաժանում, բայց չունի տրված մանդատին վերահսկելու որևէ գործառույթ:
Օրենքով ԿԸՀ-ն չի կարող որևէ պատգամավորի զրկել տրված մանդատից (պատգամավորության լիազորությունից), քանի որ ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստանալուց հետո անձն օժտվում է օրենքով պատգամավորի համար սահմանված լիազորություններով և անձեռնմխելիությամբ:
ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են «Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում»:
Նկատի առնելով հիշյալ օրենքը «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանն այս պահին կարող է իր լիազորություններից զրկվել կամ հրաժարականի (մանդատը վայր դնելու) կամ նրա մասին ազատազրկման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Առաջինը գրեթե բացառվում է, իսկ երկրորդի դեպքում նախ անհրաժեշտ է հանցագործության մասին («Իշխանությունը պահելու մասին» ՀՔՕ հոդված 300.2) նրա դեմ հաղորդում ներկայացնել Գլխավոր Դատախազություն, այնուհետև Գլխավոր Դատախազի միջնորդությամբ նրան զրկել անձեռնմխելիությունից և ապա դատական համապատասխան գործընթացի արդյունքում հետ ստանալ անօրինական կերպով պահված մանդատը:
Ինչպես նկատելի է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումն ավելի շատ վերաբերում է հիշյալ խմբակցության մեկ մանդատը վերականգնելուն քան գոյություն ունեցող մանդատը «անկախ» պատգամավորից հետ ստանալուն:
ԿԸՀ-ն կարո՞ղ է նոր մանդատ ստեղծել «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար: Դա նույնպես օրենքով գրեթե բացառված է: Յուրաքանչյուր գումարման Ազգային Ժողովի մանդատների ճշգրիտ քանակը ԿԸՀ-ն հաշավարկում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո հատուկ հաշվարկներով և նկատի առնելով ընդհանուր ձայների և յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների կոալիցիայի հավաքած ձայների հարաբերակցությունը: Քանի որ այդ հարաբերակցությունն անփոփոխ է մնում մինչև հաջորդ ընտրություններ, տրամաբանորեն չի կարող փոխվել նաև Ազգային Ժողովի 7-րդ գումարման մեկնարկին բաժանված մանդատների ընդհանուր թիվը (132 մանդատ):
Թվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը պատկանող մեկ մանդատի վերականգնման համար խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մնում է միայն մեկ լուծում: Դիմել Գլխավոր Դատախազություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Արման Բաբաջանյանի դեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207667165953438&set=a.3200967999353&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել