Shantnews.am-ը գրում է․

32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերանայել իր ցուցումները և ընդունել, որ կորոնավիրուսի փոխանցումը մանրագույն մասնիկների միջոցով, որոնք կարող են երկարատև օդում մնալ, վարակի տարածման զգալի գործոն է։ Այդ մասին հաղորդում է New York Times-ը։

ԱՀԿ-ում պնդում են, որ կորոնավիրուսը առավելապես տարածվում է խոշոր կաթիլների միջոցով, որոնք արտազատվում են հիվանդի շնչուղիներից, օրինակ՝ հազի, փռշտոցի կամ շփման ժամանակ, և ընկնում են որևէ մակերևույթի վրա։ Այժմ գիտնականները հաղորդում են, որ ապացույցները հաստատում են, որ վարակը կարող է տարածվել մանրագույն մասնիկների միջոցով, որոնք փակ տարածքներում օդում են մնում։ 239 գիտնականներից կազմված խումբը նամակ է ուղարկել ԱՀԿ խնդրանքով՝ վերանայել ցուցումները։

ԱՀԿ-ում ոչ համոզիչ են համարել օդով կորոնավիրուսի փոխանցման ապացույցները։

Թերթում նշված է, որ եթե օդակաթիլային ճանապարհով վարակի տարածումը զգալի գործոն է, ապա կորոնավիրուսը զսպելու համար անհրաժեշտ կլինի ներդնել մի շարք նոր միջոցներ, այդ թվում՝ դիմակների կրումը փակ տարածքներում՝ անգամ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում, բուժաշխատողների կողմից հատուկ դիմակների կրում, որոնք ֆիլտրում են մանրագույն մասնիկները, հասարակական վայրերում օդափոխության համակարգերի կիրառում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն լամպերի օգտագործում, որոնք ունակ են ոչնչացնել վիրուսային մասնիկները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել