Ankakh.com-ը գրում է․
-Պարոն Մանուկյան, վերջին շրջանում մամուլում և հասարակության լայն շրջանակներում ակտիվորեն քննարկվում են հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը, հնարավոր լարվածությունը, Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացման հարցերը, ինչը հատկապես ակնառու դարձավ օրերս Հանրային հեռուստատեսության եթերում ռուս ըննդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն ակտիվորեն լուսաբանելու փաստով և այլն։ Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, ի՞նչ կանխատեսումներ ունեք։
-Մենք՝ մեր ժողովուրդն ու մեր պետությունը, հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց այժմ մեծ պարտություն ենք կրում հիբրիդային պատերազմում, որը հայտարարվել է Հայաստանին։
Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները։
Ո՞րն է արտաքին ուժերի նպատակը այդ «պատերազմում»։ Երկու խնդիր էր դրված․առաջին՝ արևմուտքի որոշ շրջանակներ մեծ պայքար էին սկսել Ռուսաստանի դեմ, ինչն իր պատճառներն ունի, մենք կարող ենք դա քննարկել։ Այժմ խնդիր էր դրվել խզել նաև Հայաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Երկրորդ՝ արևմուտքի այդ շրջանակների համար ընդունելի չեն այն պետությունները, որոնց մեջ կա միասնություն ազգային արժեքների շուրջ։ Եվ այդ միասնությունըցայտուն երևաց, երբ նշվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը, դա ցայտուն երևաց Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում հայ երիտասարդները դիմում էին դեսպանություններ, որպեսզի գան Հայաստան ու պայքարեն։ Եվ այդ միասնությունը կար՝ անկախ երկրի ներսում առկա քաղաքական հակասություններից։
Այսինքն, արտաքին ուժերի կողմից երկու խնդիր էր դրված՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և տրոհել մեր ժողովրդի միասնությունը ազգային արժեքների ու ազգային հարցերի շուրջ։
Եվ պետք է ասել, որ հետզհետե, խորամանկ քայլերով, երբեմն բացահայտ, երբեմն թաքնված, այդ ծրագիրն իրականացվում է։
Ինչ վերաբերում է այսօրվա իշխանություններին, ապա այստեղ երկու հարց պետք է իրարից տարանջատել․մեկը կառավարման առումով բացարձակ տգիտությունն ու վրեժխնդրությունն է։ Նույնիսկ վրեժխնդրություն էլ չէ, ավելի շուտ մոլագար ցանկությունն է զավթել իշխանությունն ամբողջությամբ՝ Սահմանադրական դատարանով, բիզնեսով, ամեն ինչով։ Եվ ես կարծում եմ, որ դեռ շատ է խորանալու այս պրոցեսը, ունեցվածքի վերաբաշխում է կատարվելու, և շատ բիզնեսմեններ թող դեռևս չուրախանան, որ իրենց չեն հասել։
Երկրորդ հարցն արտաքին քաղաքականությունն է՝ կապված հատկապես Ռուսաստանի հետ, որն էլ անշեղորեն կապված է Արցախի հարցի հետ։ Ընդհանրապես արևմուտքի համար մեծ հաշվով նշանակություն չունի Արցախը Հայաստանին կպատկանի, թե Ադրբեջանին (եթե իհարկե մի կողմ դնենք արևմուտքում սահմանների փոփոխության նախադեպի ստեղծման վտանգը)։ Բայց շատ կարևոր է, որ կտրեն այն կարևոր թելերից մեկը, որը Հայաստանին կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ մեզ Ռուսաստանի կապող այդ կարևոր թելերից է Արցախը, քանի որ այդ հարցում ունենք համընկնող շահեր։
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին հարյուրամյակների ընթացքում եղել են շատ բարդ։ Եղել են ոչ միայն պայծառ, այլև սև էջեր։ Կարելի է քննարկել Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած երևույթները, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և այլն և այլն, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ մեր դաշինքը շատ կարևոր է եղել, որովհետև այս տարածաշրջանում շատ հարցերում մեր շահերը համընկել են։
Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհն այսպես կտրուկ փոխվել է, Միացյալ Նահանգները գնում է այս տարածաշրջանից, տարածաշրջանի ամենակարևոր խաղացողը դառնում է Ռուսաստանը, և մեր հարցերը կապված են Ռուսաստանի հետ, ազգային դավաճանություն է, երբ դու մի կողմից փորձում ես մոլորեցնել քո ժողովրդին ու Ռուսաստանին, մյուս կողմից անշեղորեն իրականացնում ես այն ծրագիրը, որի համար եկել ես իշխանության։
Ինչ վերաբերում է Նավալնուն, ապա ինչպես Հայաստանում արտաքին ուժերը գտան Նիկոլ Փաշինյանին երկրում ձևափոխումներ անելու համար, այդպես էլ Ռուսաստանում Արևմուտքը գտել է Նավալնուն, որի միջոցով ուզում է այնտեղ իր շահերին համապատասխանող փոփոխություններ կատարել։ Եթե այդ փոփոխությունները Ռուսաստանում կատարվեն, ինչն իմ կարծիքով անհնարին է, ապա Ռուսաստանն ուղղակի կքայքայվի ու ամբողջությամբ կքանդվի։ Ընդհանրապես, Նավալնու գոյությունն ապացուցում է Պուտինի անհրաժեշտությունը իրենց ժողովրդի համար։ Եվ պատահական չէր, որ Սահմանադրական փոփոխություններն այսքան մեծ տոկոսով անցան։ Ռուսաստանի ժողովուրդն իսկապես համախմբված է որոշակի ազգային արժեքների շուրջ, համամարդկային արժեքների շուրջ, և այս հանրաքվեն ցույց տվեց ժողովրդի վստահությունը Պուտինի և նրա ուղղության նկատմամբ։
Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն ակնհայտ է, և միամտություն կլինի կարծել, թե հնարավոր է ազդել, որպեսզի այդ քաղաքականությունը փոխվի, և իրենք ուշքի կգան։ Դա բացառվում է։ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Այս իշխանությունը մեր երկիրը հասցնելու է կործանման։ Ես դեռ չեմ խոսում այն ապաշնորհության մասին, որ ցուցաբերում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ գրեթե բոլոր ոլորտներում, այն ագահ ձգտումը՝ ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը։
Այն քաղաքական պայքարը, որն այժմ գնում է իշխանության ու հասարակության լայն շերտերի միջև, դա հնի և նորի պայքար չէ, դա ես կանվանեի ազգային ազատագրական պայքար։
Ես վստահ եմ, որ իշխանության եկած այս խումբը փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը։ Եվ եթե ինչ-որ մեկը հավատում է, որ առջևում մեզ սպասվում են ազատ ու արդար ընտրություններ, ապա բացարձակապես ոչինչ չի հասկանում այն երևույթներից, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում։
-Դուք նշեցիք, որ արևմտյան որոշակի ուժերի այսօր խանգարում են ազգային պետությունները, և խնդիր է դրված կազմաքանդել դրանք։ Մի փոքր ավելի կպարզաբանե՞ք այս միտքը։
-Փորձեմ պարզ բացատրել։ Կապիտալիզմի զարգացումն ամբողջ աշխարհում բերեց 3 սկզբունքների իրականացմանը՝ աշխատուժի, ֆինանսների և ապրանքների ազատ շրջանառություն ողջ երկրագնդով մեկ։ Այդ սկզբունքներն իրականցնելիս առաջացան տրանսնացիոնալ ընկերություններ և բանկեր, որոնք ոչ թե որևէ կոնկրետ երկրի սուբյեկտ էին, այլ իրականացնում էին համաշխարհային գործունեություն և իրենց համար արդեն պետությունները խոչընդոտ էին հանդիսանում։ Պետության ցանկացած վերահսկողություն, տնտեսական ցանկացած կարգավորում հակասում էր այդ ընկերությունների շահերին։ Եվ այդ ժամանակ տրանսնացիոնալ ընկերությունները և դրանց շուրջ համախմբված փիլիսոփաները, գիտնականները, քաղաքագետները սկսեցին առաջ տանել այն գաղափարը, որ պետությունը դա հետամնաց բան է, կարևորը մարդու բարեկեցությունն է և այլն։ Դա շատ գրավիչ էր մարդկանց համար, և այդ հոսանքը գնում էր առաջ։ Այդտեղ առաջացան գլոբալիզմն ու նեոլիբերալիզմը։
Իսկ ինչի՞ շնորհիվ են գոյատևում պետությունները։ Գոյատևում են, որովհետև տվյալ պետության ժողովուրդը համախմբված է լինում որոշակի ազգային արժեքների, գաղափարների, պետական շահերի շուրջ։ Եթե ուզում ես վերացնել պետությունները, պետք է քայքայել այդ համախմբումը։ Հետևաբար հարց է դրվում քայքայել ազգային պետությունները՝ պայքարելով կրոնի դեմ, ավանդույթների դեմ, ազգային արժեքների դեմ, ընտանիքի դեմ և այլն։ Այդտեղից առաջանում է այդ հոսանքը։ Եվ ցանկացած պետություն, որն ազգային միասնություն ուներ, վտանգավոր էր այդ հոսանքի համար, հետևաբար սկսվեց քարոզ, թե այդ երկրները հետամնաց են և սկսվեց ամեն ինչ արվել, որպեսզի այդ երկրները շեղվեն իրենց ճանապարհից ու գնան այդ ընդհանուր հոսանքով։
Համաշխարհային էլիտայի մեջ, որն առաջ էր տանում այդ գլոբալիստական հոսանքը, ամենավառ ներկայացուցիչն է Սորոսը, այն կապիտալիստը, որը բաց ձևով է առաջ տանում այդ գաղափարախոսությունը։ Սակայն ամեն մի պետությունում կան նաև ազգային բուրժուազիա, ազգային արտադրողներ,հասարակության լայն շրջանակներ, որոնք շահագրգռված են իրենց ազգային շահերն առաջ տանելու, իրենց պետության սուվերենությունն ամրապնդելու հարցում։ Եվ պայքարն այդ էլիտաների մեջ միշտ գնում է։
Իրավիճակը փոխվեց, երբ Միացյալ Նահանգներում իշխանության եկավ Թրամփը։ Ճիշտ է, Թրամփը երբեմն ծիծաղելի բաներ է ասում ու անում, բայց դրա հետևում թաքնված է մեծ պայքար։ Եվ հիմա աշխարհում կա երկու ուժ, որ ջարդում է այդ տրանսնացիոնալ մտածելակերպը։ Մեկը Միացյալ նահանգներն է՝ ի դեմս Թրամփի, մյուսը՝ Ռուսաստանը՝ ի դեմս Պուտինի։ Այդ մտածելակերպի դեմ պայքարում է նաև Չինաստանը, առաջացել է հսկայական քաղաքական հոսանք արևմտյան գրեթե բոլոր երկրներում։ Այսինքն այսօր և՛ արևմուտքում, և՛ աշխարհի տարբեր ծայրերում բավականին մեծ ուժեր են համախմբվել այս երկրորդ հոսանքի շուրջ։ Իսկ կորոնավիրուսն ուղղակի առավել սուր ձևով բացահայտեց այս խնդիրը։
Ես համոզված եմ, որ եթե ԱՄՆ առաջիկա ընտրություններում հաղթի ոչ թե Թրամփը, այլ Բայդենը, միգուցե կարճատև վերադարձ լինի հնին (սորոսական գաղափարախոսությանը), բայց միևնույն է, այս երկրորդ հոսանքն արդեն կա և գնալու է առաջ։
Ի՞նչն է ինձ բերում այս եզրակացությանը․ 60-աական թվականներին առաջացավ կոնվերգենցիայի տեսությունը։ Դրա վառ ներկայացուցիչը Ջոն Գելբրեյթն էր, որի ամբողջ տեսությունն այն է, որ Խորհրդային Միությունն իր զարգացման մեջւ կամաց-կամաց ընդունելու է շուկայական հարաբերություններ տնտեսության որոշ ճյուղեր զարգացնելու համար, իսկ Միացյալ նահանգներում առաջանալու են տնտեսության պլանավորման հարցեր և այլն, ու գալու է մի ժամանակ, երբ այդ երկու տիպի պետությունները (Խորհրդային միությունն ու ԱՄՆ-ն)՝ որպես երկու ծայրահեղություններ, շատ մոտենալու են ու նմանվելու են իրար։
Երբ սառը պատերազմից հետո Խորհրդային միությունը փլուզվեց, տպավորություն էր, թե Գելբրեյթը սխալ էր, որովետև փաստացի Խորհրդային միությունը պարտվեց և վերցրեց արևմուտքի արժեքները։ Մի «ոսկեդար» անցավ։ 15-20 տարի բուռն լիբերալիզ, զարգացում, մինչև որ ամեն ինչ հասավ ծայրահեղության աստիճանի և սկսեց խոչընդոտել երկրների իրական զարգացումը՝ առաջացնելով բնական ընդվզում ժողովուրդների լայն շերտերի կողմից։Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներում կատարվում է նույնը, ինչ Խորհրդային միության դեպքում, բայց հակառակ ուղղությամբ, այսինքն ԱՄՆ-ն էլ գնում է Խորհրդային միության որոշակի նմանության՝ սոցիալիզմի էլեմենտներ և այլն։
Այն պրոցեսները, որ այսօր Միացյալ Նահանգներում տեղի են ունում, այդ սևամորթի սպանության հետ կապված շարժումը և այլն, ունեն շատ խորքային պատճառներ։ Այսօր աշխարհում գնում է պայքար երկու հզոր ուժերի միջև՝ տրանսնացիոնալ, գլոբալիստականուժի և ազգային, պետության սուվերենության ամրապնդման կողմնակից ուժի։ Ո՞ր ուժն է մեզ ձեռնտու, որ հաղթի։ Ազգային տեսանկյունից մեզ ձեռնտու է, որ հաղթի երկրորդ ուժը, որի կողմնակիցներն են Թրամփը, Պուտինը, Չինաստանը, արևմտյան այդ ազգային նոր ուժերը։ Եվ այս տեսակետից Ռուսաստանը, Չինաստանը մեզ համար ոչ միայն ստրատեգիական գործընկերներ են, այլև գաղափարական։ Պետք է ճիշտ հասկանալ․այս երկրորդ հոսանքն ամենևին չի ժխտում ժողովրդավարությունը։ Ընդհակառակը, այն հենվում է ժողովրդավարության ֆունդամենտալ արժեքների վրա՝ մարդու իրավունքներ, իշխանության տարանջատում, արդար ընտրություններ, նույնիսկ բնական գլոբալիզացիա, որը վերջին հարյուրավոր տարիների ընթացքում գնում է տեխնիկայի զարգացմանը զուգընթաց։ Այսինքն գլոբալիզացիա՝ հիմնված ոչ թե Վաշինգտոնյան կոնսենսուսի վրա (որը փաստացի ժխտում է պետության գոյությունը), այլ հիմնված բնական զարգացումների և պետությունների սուվերենության ամրապնդման վրա։
Երբ որ սառը պատերազմից հետո Խորհրդային միությունը փլուզվեց, հսկայական հնարավորություն ստեղծվեց Հայաստանն առաջ տանելու։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ չօգտագործեցինք այդ ժամանակահատվածը։ Ճիշտ է, ինչ-որ քայլեր արեցինք դեմոկրատիայի ուղղությամբ, հաղթեցինք Արցախյան պատերազմում և այլն, բայց այն հնարավորությունը, որը մեզ տրված էր, լիարժեք չօգտագործեցինք։
Հիմա աշխարհը մեզ տալիս է երկրորդ հնարավորությունը, և այսօրվա իշխանությունը խոչընդոտ է այդ հնարավորությունն օգտագործելու համար։
Այժմ մենք գտնվում ենք լայն ճանապարհի վրա՝ վանդակի մեջ։