Հայաստանի արտաքին վեկտորը փոխելը հեշտ գործ չէ։ Բայց լավ է, որ ճիշտ պահին կողքիդ են հին ու բարի ընկերները, ովքեր այդ գործին լծված են արդեն ոչ մեկ տասնամյակ։ Ու պարզվում է՝ լուծում կա․ ժողովուրդն ինքը պետք է կայացնի այդ որոշումը։ Խփում ես անգլուխ ու անհեռատես արջին էնքան, մինչև նա կանգնում է ոտքի ու քեզ քացի է տալիս։ Հանրային տրամադրությունները պատրաստ են։

Տեխնիկայի գործ է․ պետք է տնօրինես՝
* Գործադիր իշխանությանը,
* Հետո օրենսդիր իշխանությանը,
* Հետո դատական իշխանությանը,
* Հետո կտրում ես այլընտրանքային ձայներ արտահայտող ալիքները,
* Ընթացքում ոչ կոշտ ու կոպիտ ձևերով անում ես ամեն ինչ, որ արջը մի օր քեզ ապտակի,
* Ժողովուրդը ինքն է կանգնում ոտքի,
* Դնում ես վերոնշյալ արջին պատկանող լծակները ազգայնականացնելու հարցը,
* Ժողովուրդը քո կողքին է, կողմ է ինքնավարությանը, դեմ է ծուռ վիզ ապրելուն,
* Դնում ես ռազմաբազան փակելու հարցը, ողջ լծակներդ կիրառում ես, կասեցնում ես մի շարք միջպետական համաձայնագրեր, ռազմաբազայի երկարաձգման պայմանագիրն ու փակում այն։

Փաստն այն է, որ այդ դեպքում այս արջը որևէ լծակ չի ունենա ազդելու այդ որոշումների վրա։ Ինչքան էլ պնդեն ոմանք, որ Ռուսաստանը մեզնից լավ է գիտակցում, որ մենք իրար պետք ենք, ու իր շահը չկորցնելու համար չի կորցնի Հայաստանը։ Իրականում կկորցնի, քանի որ չի կարողանա որևէ կերպ հակազդել։

Հին ու բարի ընկերները պնդում են, որ այդ օրը Հայաստանը իրոք կդառնա անկախ ու ինքնավար։ Քշում ես արջին։ Ու օգնությունը կգա, աջակցությունը կլինի։ Արևմուտքը մեր կողքին է։ Արևմուտքը այս ամենին հետևում է ու իրոք ցանկանում է, որ Ռուսաստան տարածաշրջանում չլինի։ Դրա համար հանդուրժում է այն ամենը, ինչ անում ես։ Լռում ու ժպտում է։

Ով պնդում է, որ այդպես չէ, նույն տրամաբանությամբ պետք է պնդի, որ սառը պատերազմ չի եղել, Ռուսաստանի շուրջը բոլոր պետություններում իրենց ազդեցությունը ավելացնելու քաղաքականությունն իրական չէ։ Նույնը վերաբերում է Չինաստանին, նույնը վերաբերում է ԱՄՆ-ին։ Գլոբալ մեծ խաղը այդպես են խաղում՝ հաղթում կամ պարտվում։ Գեոքաղաքականությամբ, որով մենք չենք զբաղվում, ինչպես ասում է երկրի տերը, զբաղվում են, մեզանից բացի, բոլորը։ Ու իրենց շահն է Ռուսաստանի թուլացումը, Մերձավոր Արևելքից հեռացումը, Կովկասից հեռացումը, էներգառեսուրսների ճանապարհներից հեռացումը, Իրանից հեռացումը (սրանցից յուրաքանչյուրը թեկնածուականի մի առանձին թեմա է, թե ինչու)։

Մեր հին ու բարի ընկերները միայն լռում են կամ իրենք էլ չեն գիտակցում (ինչին կասկածում եմ), որ, արջից բացի, կողք կողքի կանգնած է գազազած մի գորշ գայլ, ով երբևէ չի էլ թաքցրել, որ դու իր համար ոչ թե մրցակից ես կամ թշնամի, այլ ստրուկ։ Ստրուկ են իր համար բոլորը, ովքեր գտնվում են իր կողքին՝ Հունաստանը, Սիրիան, Լիբանանը, Կիպրոսը, Իրաքը, Լիբիան՝ բոլորը, ովքեր ժամանակին մաս են կազմել Օսմանյան կայսրությանը։ Ու եթե Թուրքիային ոչինչ չի կանգնեցրել իր պետական… պաշտոնական… ազգային զորքերը չոր ու կոպիտ ձևով մտցնել ինքնավար այդ բոլոր պետությունների տարածքներ մեր օրերում՝ 21-րդ դարում, որտեղ ուզում են, թող բողոքեն, ՄԱԿ լինի, որտեղ ուզում ա, լինի, առավել ևս՝ չի կանգնեցնի թուրքական բանակը մտցնել Հայաստան ռուսական բազայի փակվելու հաջորդ օրը, իսկ դրա հաջորդ օրը Երևանի հրապարակում կազմակերպել ռազմական շքերթ՝ գետնին ներկված հայկական դրոշների վրայով։

Հիմար են նրանք, ովքեր կարծում են, թե Եվրոպան մեզ կօգնի։ Եվրոպան Կիպրոսին՝ ԵՄ անդամ, չի կարողանում օգնել արդեն գրեթե 50 տարի իր տարածքը ազատել թուրքերից։ Հիմար են նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ-ն մեր կողքին կկանգնի։ ԱՄՆ-ն իր ՆԱՏՕ դաշնակից Հունաստանին չի օգնում, երբ բառացի ամեն օր Թուրքիայի զորքերը մուտք են գործում Հունաստանի տարածք, ձերբակալում նավեր, առաջ տանում իր զորքերը՝ զբաղեցնելով Կիպրոսի նավթային պաշարները ծովում, կոտորում քրդերին այն տարածքներում, որոնք, ըստ ԱՄՆ-ի, իր համար գերկարևորություն ունեն։

Անգլուխ արջին մեր միակ այլընտրանքը գազազած գայլն է։ Ու եթե այդ արջին այսօր թեթև մտրակելով հավատում եք, որ ավելի ու ավելի եք կայանում որպես ինքնավար պետություն, ապա մեր վիճակը ոչ թե տխուր է, այլ սա Հայաստանի Հանրապետության վերջն է այն տեսքով, այն սահմաններում, այն միջազգային կարգավիճակով, որը մենք ունենք ԽՍՀՄ փլուզումից ի վեր։

Ինքնավարությանը չեն հասնում վառելով ամենը, ինչ տեսնում ենք։ Մեզ վրա օդից ընկավ անկախություն, երբ Սովետները փլուզվեցին, ապա իրոք ինքնավարությունը մնաց օդից կախված։ Ու ինքնավարության համար մենք պետք է պայքարենք։ Այդ պայքարը չպետք է լինի ցույցերով, գոռգոռալով, մեդիաարշավներով։ Սա ուրիշ պայքար է։ Ինքնավարությունը պետք է ձեռք բերել երկար տարիների աշխատանքով, հարստանալով, պնդանալով, բնակչությունը ավելացնելով։ Ու երբ մեր ՀՆԱ-ն լինի այսօրվանից մի 50 անգամ շատ, իսկ բնակչությունը՝ առնվազն 30 միլիոն, մենք կարող ենք թե՛ արջի ու թե՛ գայլի հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի հետ։ Պարզաբանում պահանջող հայացքով ինքնավարություն ձեռք չեն բերում, ոչ էլ խնդրելով աշխարհի այլ ուժեղների աջակցությունը այն դեպքում, երբ վերջիններս մեզնից ստանալու, պահանջելու, շահագրգռված լինելու ոչինչ չունեն։

Մեր միակ ճանապարհն այսօր ու 10 տարի առաջ ու 20 տարի առաջ ու 30 տարի առաջ տաժանակիր աշխատանքն է, կրթությունը ու աճը դեպի վեր։ Դուխով, բայց անզեն վիճակում երկուսի հետ էլ հակառակվելը կբերի նրան, որ արջը ողնաշարդ կկոտրի, գայլն էլ մասունքներդ կուտի ու հետքդ չի թողնի երկրագնդի վրա։

Հ․Գ․ Լուսանկարում բազմաթիվ կիպրացիներից մի փոքր խումբ է, ովքեր կենդանի թաղվեցին Թուրքիայի բանակի զինվորների կողմից Կիպրոսի օկուպացիայի օրերին սրանից ընդամենը 46 տարի առաջ։ Ավելի մանրամասն գրել էի այս մասին այստեղ՝ Թաղել կենդանի, փամփուշտները խնայել

Օկուպացիա, որ տեղ է ունեցել բոլորի աչքի առաջ մեր օրերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել