Այսօր այն մարդու ծնունդն է, ում շնորհիվ նաև մենք հիմա հանգիստ ապրում ենք, որովհետև նա այն իրավամբ խիզախ տղաներից մեկն էր, ով կռվեց, ղեկավարեց Արցախյան պատերազմը և հաղթեց, իր անուրանալի լուման ունեցավ հայոց պետականության, Հայոց բանակի կայացման հարցում:

Ես Սերժ Սարգսյանին հարգել եմ, հարգում եմ ու հարգելու եմ՝ անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, և չեմ պատրաստվում հարգանքս թաքցնել: Ով դա ծանր է տանում, կարող է հետս չշփվել, ես չեմ պարտադրում: Ես Սարգսյանին հարգել ու պաշտպանել եմ նույնիսկ 2018-ի ապրիլյան վակխանալիայի օրերին, երբ հանրության մի զգալի մասը թմբիրի մեջ և ատելությամբ սրսկված առավոտից երեկո նրա դեմ էր արտահայտվում: Այդ ժամանակներն էլ անցան, և այսօր արդեն պատկերը այլ է, այդ նույն մարդկանց զգալի մասը արթնացավ թմբիրից և փոխեց իր վերաբերմունքը:

Այո՛, Սերժ Սարգսյանի օրոք կային տնտեսական խնդիրներ, շատ խնդիրներ, բայց երկիրը կայուն էր, կար կայունություն, արտաքին անվտանգություն, որը չկա այսօր, և ես՝ որպես քաղաքացի, հպարտանում էի, երբ իմ ղեկավարը միջազգային հարթակներում խոսում էր, իսկ այսօր ամոթանք եմ զգում:

Սերժ Սարգսյանի օրոք մեր երկրում իրավամբ կար ժողովրդավարություն, խոսքի ազատություն: Սարգսյանը ամենաշատ քննադատվող քաղաքական գործիչներից էր, և նրան քննադատելու համար մարդիկ չէին հետապնդվում, անձամբ եմ ճանաչել շատ սուր քննադատողների և վստահեցնում եմ, որ հետապնդումներ չեն եղել: Սարգսյանի օրոք պետական աշխատողը աշխատանքից չէր հեռացվի ընդդիմադիր գործչի նկարին լայք դնելու կամ իր ընդդիմադիր ընկերոջ ծնունդը շնորհավորելու համար: Սարգսյանի օրոք նրան քննադատողները օրուգիշեր չէին ենթարկվում ֆեյքերի հայհոյախառն հարձակումներին, սպառնալիքներին, ֆեյքերը չէին մտնում ընդդիմադիրների էջերում նրանց երեխաների նկարների տակ հայհոյանքներ ու անեծքներ գրելու, մարդկանց կենդանի թաղումներ չէին կազմակերպում:

Շնորհավորում եմ, պարոն նախագահ, առողջ եղեք, Դուք մեր երկրին դեռ շատ եք պետք: Շատերը դա դեռ չեն գիտակցում, շատերը Ձեզ չհասկացան, բայց կհասկանան, կգա այդ օրը, ես վստահ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել