Հաղորդում խայտառակ հանցագործության մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր այսօրվա հրամանով (կից նկարում) Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով, ուշադրությո՛ւն, հանրակրթության՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ (https://bit.ly/3dDtKwl):

Բուհերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը բացառում է ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարելու հնարավորությունը, դրա փոխարեն պետք է նշանակվի ռեկտորի նոր պաշտոնակատար, որը, ըստ գործող օրենքի, պետք է լինի դոկտոր-պրոֆեսոր:

Պրոռեկտորը, որը հայտնի դարձավ տրամադրածս 2 մաքրագույն արձակուրդի համար ծիծաղելի քրեական գործ նախապատրաստելով, դոկտոր-պրոֆեսոր չէ, սակայն միակ «գերհավատարիմ» մարդն է, ում նշանակմամբ Դ. Գալոյանի պարտադրված ձևական հրաժարականից հետո ԿԳՄՍ-ի հովանավորողները կպահեն իրենց ազդեցությունը բուհի վրա և կշարունակեն հուսալ, որ ապօրինի մրցույթով կարողանալու են անցկացնել իրենց միակ հովանավորյալ թեկնածուին:

Իսկ քանի որ բուհերի օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, ԿԳՄՍ նախարարը «գտել է հանճարեղ լուծում» և պարզապես ղեկավարվել է դպրոցների մասին կառավարության որոշմամբ: Այդպես լավ չէր. մսուր-մանկապարտեզների մասին որոշմամբ «ղեկավարվեիք»…

Մեծարգո՛ պարոն վարչապետ, իշխանական թիմի հարգելի՛ գործընկերներ, դիմում եմ ձեզ. մինչև ե՞րբ եք պատրաստվում աչք փակել կրթության պատասխանատուների այս խայտառակ ամենաթողության վրա: Այսպե՞ս էինք պատկերացնում Հայաստանը հեղափոխությունից հետո:

Ինքս վաղուց «թքած ունեմ» որևէ պաշտոնի վրա, հենց այդ պատճառով եմ դեռևս մեկ տարի առաջ սեփական նախաձեռնությամբ հանել դոկտոր-պրոֆեսոր լինելու անհեթեթ պահանջը, որպեսզի ռեկտոր ընտրվի ամենաարժանի թեկնածուն: Սակայն այս մարդիկ ոչ միայն վերադարձրել են այդ պահանջը, որպեսզի իրենց հովանավորյալն ընտրվելու խնդիր չունենա, այլև հիմա զբաղված են չլսված, երգիծական ապօրինություններով:

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին. այս հերթական ապօրինությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներ, որովհետև սա ակնհայտ դիտավորությամբ կատարված գործողություն է, որը վնաս է պատճառում անձանց և պետության օրինական շահերին: «Ռեկտորի պարտականությունները կատարելիս» տվյալ անձի բոլոր որոշումները լինելու են առոչինչ:

Հ.Գ. Իհարկե, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով այս բացահայտումիցս հետո ստիպված փորձելու են փոխել ապօրինի հրամանը և այլ անձի նշանակել, սակայն դրանից դիտավորության և հանցագործության փաստը չի փոխվելու:

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել