Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։ Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք։
Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը համակերպվել է կորոնովիրուսի հրեշավոր ներկայության հետ։
Ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն արդեն իսկ կրում են իմիտացիոն բնույթ, և ցավալի է, որ իշխանությունը չունի այս աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր։
Ըստ էության, ամեն ինչ թողնված է Աստծո հույսին։
Սա տապալում է։ Ուզում եք մեղադրեք հասարակությանը, յուրաքանչյուրիս անհատապես, ի՛նչ ուզում եք՝ ասե՛ք, սա տապալում է։ Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։
Բայց ես հեռու եմ այն մտքից, որ սա պետք է մնա անհետևանք։
Ես պնդում եմ, պարո՛ն վարչապետ, որ կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ ``թռնեն``, ավելի՛ն, այդ գլուխներն արդեն պետք ՛՛թռած՛՛ լինեին։
Ես պնդում եմ, որ Ձեր կառավարությունը հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող բոլոր սահմանափակումները, հայտնի աղմկահարույց ՛՛Տեղորոշման՛՛ մասին օրենքի ընդունումը, և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։
Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար։