Էսօրվա երկու տեղեկություն հիշեցրեց Աղասի Այվազյանի «Հասարակ մարդը» պատմվածքը։
1-ին՝ էն, որ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը «Ազատություն» ռադիոյի թղթակցին իրավաբանորեն բացատրում էր, որ Սահմանդրության մեջ փոփոխություն հնարավոր է անել միայն Սահնադրական դատարանի միջոցով, քանի որ ուղիղ այդ մասին ասված է սահմանադրության մեջ, որ իրեն ոչ ոք չի հանել, ոչ մի փաստաթուղթ չկա, որտեղ իր անունը գրված է։
2-րդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ պատին գրեց, որ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն ժամը 00.01-ից։
Աղասի Այվազյանի «Հասարակ մարդը» պատմվածքը կամ, ինչպես հեղինակն է գրում, պարականոն պատմությունը այն մասին է, թե ինչպես է Գուրջիևի դասախոսությանը Ստալինն գալիս, և հետագայում Գուրջիևը ինչ է մտածում նրա մասին։ Մի երկու մեջբերում.
«Գուրջիևը նկատեց նրան ու խոսելու ժամանակ ավելի նրա կողմն էր ուղղում հայացքը։ Հայացքն ինքնեկ կապ էր ուզում ստեղծել, ազդել էր ուզում անկյունում նստած անթրաշ հյուրի վրա, բայց նրա դեմքը ոչ մի արձագանք չէր ստանում։ Անհաղորդ էր Ջուղաշվիլու դեմքը․ «Մի՞թե չի լսում»,֊ զարմացավ Գուրջիևը։
Անթրաշ դեմքը չէր արձագանքում, ու մի հպանցիկ նայվածքի ժամանակ Գուրջիևը նկատեց, որ նա անմասն է։ Ինչ֊որ մի կերպ սփոփելու համար մոգը եզրակացրեց․ «Նա ուղղակի սահմանափակ է»։
Պատմվածքը շարունակվում է դասախոսության նկարագրությամբ, հետո Գուրջիևը շրջագայում է աշխարհով մեկ, Ստալինն էլ աշխարհի և Եվրոպայի կեսին տիրապետում է։ Ապա ծեր Գուրջիևը Փարիզում մտորում է.
«Ստալինի սեփական մեծության ինքնորոշումը, կամքի գերկայությունը նրա բնական սահմանափակության մեջ են։ Սահմանափակ իր տեսակի մեջ։ Հենց դա է նրա ուժը։ Եթե նա ընդունակ լիներ թափանցելու ուրիշ տեսակի մեջ, ապա կտարրալուծվեր և կդառնար այլոց մի մասը։ Ինքնանձույլ սահմանափակություն»։
Եվ այլն, և այլն, կարդացեք անպայման։