Aravot.am-ը գրում է․
«Հուշագիր ստորագրելու հստակ օրեր ժամեր, առհասարակ, հուշագիր ստորագրելու փաստը շրջանառության մեջ է դրվել լրատվամիջոցների կողմից: Որևէ քաղաքական ուժ չի հաստատել, բայց նաև չի հերքել հուշագիր ստորագրելու հանգամանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի փոխանցմամբ այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը`պատասխանելով հարցին `ինչո՞ւ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Մեկ Հայաստանի» և «Ազգային օրակարգի» հետ համագործակցության հուշագիրը չստորագրվեց:
Արթուր Վանեցյանի գնահատմամբ, դա քաղաքական գործընթաց է և քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են: Նա վերահաստատում է, որ ակտիվ շփումների մեջ են`ներքաղաքական գործընթացներում միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների հստակեցման համար: «Այդ համագործակցության համար որևէ բան մեզ չի խանգարել, բայց այս պահին դեռ ընթանում են մեր քաղաքական հանդիպումները և երբ կլինի հստակ որոշում համագործակցության, ձևաչափի, մասնակիցների`անմիջապես հանրությունը կտեղեկանա դրա մասին»,- ասաց Արթուր Վանեցյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննարկման ժամանակ, ԱԱԾ-ի բակում Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ այդ հարցով ԱԱԾ-ին քաղաքական պատվեր է իջեցված, բայց, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց: Լրագրողների այս դիտարկմանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իր գնահատականը նույնն է` Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացի անվան տակ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այդ հետապնդումը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ նա քննադատության ենթարկեց իշխող ուժին, կառավարությանը և հանդես եկավ փաստացի, կառավարության 100 տոկոսի փոփոխության պահանջով: Շատ պարզ պատճառ կա` ինչի՞ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց: Երբ ես իմ մտահոգությունը հայտնեցի իրավապահ համակարգում տեղի ունեցող նշանակումներից, տվեցի շատ խիստ գնահատականներ, իրավապահ համակարգում նոր նշանակումների հետ կապված: Այ սա այն իրավիճակն է, որ մեր իրավապահները առանց հստակ հիմքեր ունենալու, որով կկարողանան մարդկանց մեղադրել և կալանավորել, գնում են քաղաքական պատվերի կատարման և արդյունքում, չեն կարողանում դատարանում այն մինիմալ մեղադրանքի ծավալը ապահովել, որ դատարանը կարողանա խափանման միջոց ընտրել կալանավորումը: Նույն Գագիկ Ծառուկյանի հետ կապված, եթե տեսաք, դաշտում էլի եղան շատ մանիպուլյատիվ բնույթի տեղեկությունների տարածում, 2-3 օր ողջ քարոզչամեքենան տարված էր Գագիկ Ծառուկյանի տունը ցույց տալով, ունեցվածքը ցույց տալով, խոսվում էր պետությանը 40 միլիարդ դրամ վնաս հասցնելու մասին, այնինչ, մենք տեսանք, որ մեղադրանքում որևէ խոսք դրա մասին չեղավ: Գագիկ Ծառուկյանին ներկայացվեց մեղադրանք`ինչ-որ թղթի վրա գրված, անստորագիր ինչ-որ թուղթ էր, որի իրական լինելը իշխանությունները չկարողացան ապացուցել, իսկ որի կեղծ լինելը, համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանը և նրա փաստաբանական թիմն այս պահին կարողացել են ապացուցել»: