ՀՀ նախագահը ստորագրել է իրեն ստորագրելու իրավունքից զրկելու մասին ԱԺ-ի ընդունած որոշումը: Արդյունքում այսօր լույսը բացվելուն պես ԱԺ նախագահը կստորագրի ՍԴ-ի երեք դատավորներին «պարտադիր» թոշակի ուղարկելու և ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, որը օրենքի ուժ կստանա «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց անմիջապես հետո: Չի բացառվում, որ ամենասեղմ ժամկետներում փորձ է կատարվելու նշանակել ՍԴ երեք անդամներին և նախագահին:
Պարզ է, որ իշխանություններն իրենց շտապողականությամբ ցանկանում են կատարված փաստի առջև կանգնեցնել թե՛ որոշման հետ առնչվող ՍԴ չորս դատավորներին, թե՛ ընդդիմությանը և, չի բացառվում, նաև եվրոպական կառույցներին:
Անկախ նրանից, թե իրենց իրավունքների վերականգնման համար ինչ քայլի կդիմեն «պարտադիր» թոշակի ուղարկվող երեք դատավորները, Հայաստանում սահմանադրականության և օրենքի իշխանության վերականգնման ուղղությամբ այս պահից մեծ բեռ է դրված ավելի վաղ ընտրված ու պաշտոնավարումը շարունակող ՍԴ հինգ դատավորների ուսերի վրա:
Հիշենք, որ Վահե Գրիգորյանը վերջին մեկ տարվա ընթացքում իր պահվածքով հիշյալ դատավորներին տվել է հակասահմանադրական դատարանի նիստերը բոյկոտելու և դրա աշխատանքը կասեցնելու լեգիտիմ իրավունք: