Գիտնականները թեև չեն կարող բացահայտել դրանք, սակայն ենթադրում են, որ Ծիր Կաթինում՝ մեր գալակտիկայում, 36 տեղում կարող է այլմոլորակային քաղաքակրթություն լինել։ Դրան նրանք հանգել են տիեզերքի առաջացման պատմությունն ու նյութերի ծագման էվոլյուցիան ուսումնասիրելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բրիտանական Նոթինգեմյան համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Կոնսելիսի գնահատականով՝ իրենք այդ եզրակացություններին եկել են՝ ուսումնասիրելով գալակտիկայի տարբեր տեղամասերի պատմական ընթացքը։ Նրանք գնահատել են, որ քաղաքակրթական մակարդակի հասնելու համար առաջին տարրերը պետք է անցնի գոնե 5 միլիարդ տարի։
Դրա ընթացքում ավելի թեթև միջուկներով տարրերից միջուկային ռեակցիաների արդյունքում կառաջանային ավելի ծանր տարրեր, դրանց համակցությամբ կառաջանային մոլորակներ, դրանց վրա էլ ժամանակի ընթացքում կսինթեզվեին օրգանական նյութեր։ Դրանց հետագա էվոլյուցիան էլ կարող էր հանգեցնել կյանքի առաջացման։
Այս մտավարժանքով գիտնականները փորձել են լուծել Ֆերմիի պարադոքսը, որ եթե այլմոլորակային կյանք կա, ապա ինչու մարդկությունը մինչև հիմա չի առնչվել դրա հետքերին։ Բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ մոտակա նման քաղաքակրթությունը Երկրագնդից մի քանի հազար լուսատարի հեռավորության վրա է։ Ու եթե նրանք հիմա արդեն քաղաքակրթական մեր մակարդակի վրա են, ապա այսօր նրանց ուղարկած ազդանշանները մենք ստանալու ենք հազարամյակներ անց։