Վաղը՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ստեղծված արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, նախատեսված թռիչքով կարձակվի տիեզերք։ Կլինի ուղիղ հեռարձակում, որին կարող եք հետևել այստեղ։
«Հայասաթ-1»-ը տիեզերք կուղարկվի ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից՝ SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։ Արբանյակի վրա գրված է՝ ARMENIA IN SPACE FOR SCIENCE (Հայաստանը տիեզերքում` հանուն գիտության)։
«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որը կարձակվի տիեզերք, սակայն այն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում։
Արբանյակն ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի համագործակցությամբ։
«Հայասաթ-1» արբանյակը վիբրացիոն անհրաժեշտ թեստավորումներն անցել է Նիդեռլանդներում։ Բարեհաջող անցկացված թեստերից հետո ISISpace ընկերությունը տրամադրել է այն արտոնագիրը, առանց որի SpaceX-ը չէր արձակի արբանյակը: ISISpace-y հանդիսանում է միջնորդ «Հայասաթ» թիմի և արբանյակը արձակող ընկերության` SpaceX-ի միջև։
«Հայասաթ-1» արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։
Արբանյակն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր ալեհավաքներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)։
Եթե վերջինիս փորձարկումը տիեզերքի ծանր պայմաններում բարեհաջող անցնի, այն հնարավոր կլինի հետագայում օգտագործել հայրենական և այլ երկրների արբանյակներում։