«Լավ, ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան»: Սա դիմակներ չկրելու հետ կապված երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած բարձրաձայն խոստավանությունն էր:
Հավանաբար 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նույն այդ հարցը բազմաթիվ անգամ ինքն իրեն տվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մտածելով, թե «լավ, ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ այսօր փողոց են փակում»:
Հարցն, իհարկե, ունի տարբեր պատասխաններ, բայց ինչպես Սերժ Սարգսյանի, նույնպես Նիկոլ Փաշինյանի ու նաև նման իրավիճակում հայտնված ցանկացած ղեկավարի դեպքում գլխավոր պատճառը կարելի է ամփոփել մեկ նախադասության մեջ՝ «ժողովրդի վստահության մսխում», որին, բնականաբար, հաջորդում է իշխանության ցանկացած կոչին հակադարձելը:
Ինչպես վարչապետն է խոստովանում, ժողովուրդը նույնիսկ իրեն մահվան դատապարտելով չի հնազանդվում իշխանություններին:
Երևույթին կարող ենք ցանկացած անուն տալ՝ «անպատասխանատվություն», «անտարբերություն», «անլրջություն», բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դա ունի շատ պարզ ու հարազատ անվանում՝ «քաղաքացիական անհնազանդություն»:
Թեև ուշացած Սերժ Սարգսյանն այդուհանդերձ ընդունեց իր սխալը և հրաժարական տվեց: Կգտնի՞ իր մեջ նման քաջություն Նիկոլ Փաշինյանը...