
Հանրային շահի անվան տակ պետություն կոչեցյալը` հանձինս իշխանության կրողների, տարիներ շարունակ մարդկանց որոշ խմբերի ունեզրկել է: Խլել են մարդկանց սեփականությունը անհամարժեք փոխհատուցման դիմաց` փոխանցելով իրավունքը այլ մասնավորի ու սա կոչել են հանրային շահ:
Մարդիկ իրենց իրավունքների համար պայքարի ճանապարհին արդարացիորեն հասել են միջազգային ատյաններ` դատարաններ, քանզի մեր սեփական դատարանները ձախողել են պաշտպանել մարդու` քաղաքացու իրավունքի գերակայությունը: Ու այս գործընթացում կայացրել են նաև անօրեն որոշումներ:
Տարիներ են անցել, մեկը մյուսի հետևից միջազգային դատարաններն իրենց իրավունքի համար պայքարող մեր երկրի քաղաքացիների հայցերն ընդդեմ մեր պետության ճանաչում են արդար և պետությանը փոխհատուցում են պարտադրում:
Ի՞նչ է ստացվում: Իշխանության տարբեր թևերի (հիմնականում գործադիր և դատական) կրողների անիրավ գործողությունների արդյունքում բազում քաղաքացիների իրավունքներ, մասնավորապես՝ սեփականության իրավունքը ոտնահարվել է, նրանք վնասներ են կրել և ոչ միայն նյութական: Ոմանց դեպքում, որոնք որոշել են շարունակել իրենց իրավունքների համար պայքարը, միջազգային դատարանները մեր պետությանը պարտադրում են նրանց փոխհատուցում տալ: Փոխհատուցումը տրվում է պետական բյուջեից, այսինքն՝ քաղաքացիների գրպանից` մեր վճարած հարկերից:
Այսինքն՝ իշխանության կրող այդ անիրավների գործողությունների հետևանքները հատուցվում են կրկին մեր քաղաքացիների հաշվին:
Այս պայմաններում, հատկապես իշխանափոխությունից հետո, կուզեք թող լինի հեղափոխություն (արդեն էական էլ չէ), պետությունն ինքը պետք է նախաձեռներ այդ բոլոր տուժողների իրավունքների վերականգնումը և ոչ թե այլ քաղաքացիների, այսինքն՝ հարկ վճարողների հաշվին, այլ այն սեփականատերերի, որոնց օգտին իրականացվել է այս մարդկանց ունեզրկումը:
Սրանով հանդերձ՝ հաջորդ քայլով բոլոր այն դատավորները, որոնք մասնակից էին եղել այս գործընթացին, չպետք է շարունակեին արդարադատության համակարգի մաս կազմել: Եվ այս պատճառով է նաև, որ վեթինգ ասվածը պարտադր բնույթ պետք է կրեր, այլ ոչ փոխարինվեր ինչ-որ անհասկանալի ինքնամաքրման գործընթացով:
Սրա մասին անդրադարձ եմ կատարում, որպեսզի նպաստեմ այս կարևոր հարցին հանրության ուշադրության սևեռմանը, քանզի այս օրերին կարծես շարունակություն է ստանում նախկին կորզող համակարգի կողմից գործի դրված գործիքը` հանրային շահի անվան տակ սեփականության իրավունքի փոխանցում, հիմնականում քաղաքացուց բիզնեսին ներդրումային ծրագրերի անվան ներքո:
Հարգելիներ, կորզող համակարգեր կոչվածն ուղղակի սիրուն ձևակերպում է, դա իրական չարիք է, որը չվերացնելը պետության կորստին, ձախողման կարող է հանգեցնել: