COVID-19-ի անախտանիշ ընթացքով մարդիկ «հազվադեպ» են վարակում մյուսներին։ Այսպիսի անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար, COVID-19-ին արձագանքման տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կարկխովեն, հայտնում է CNBC-ն։

«Համաձայն այն տվյալների, որոնք մենք ունենք, մինչ այժմ հազվադեպ է թվում վարակի փոխանցումը անախտանիշ մարդուց այլ մարդկանց։ Այդպիսի բան շատ հազվադեպ է տեղի ունենում»,- Ժնևում ԱՀԿ գլխավոր գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Վան Կերկխովեն։

Նա հավելել է, որ գիտի այն հետազոտությունների մասին, որոնք ցույց են տվել, թե անախտանիշ վարակակիրները, ինչպես նաև նրանք, ում մոտ ախտանիշները դեռ ի հայտ չեն եկել, նույնպես վարակում են շրջապատին կորոնավիրուսով։ Սակայն, Վան Կերկխովեի խոսքերով, պահանջվում են ավելի շատ տվյալներ, որպեսզի ստույգ ասվի, թե որքանով են նշանակալի դեր խաղում վարակված անախտանիշ մարդիկ հիվանդության տարածման մեջ։

«Մենք շատ զեկույցներ ունենք այն երկրներից, որոնք շատ լավ են հետևում շփումներին։ Նրանք ուսումնասիրում են անախտանիշ դեպքերը, հետևում շփումներին։ և նրանք չեն հայտնաբերել վարակի հետագա փոխանցում։ Դա շատ հազվադեպ է տեղի ունեցել»,- ասել է Վան Կերկխովեն։

Շատ գիտնականներ, սակայն, այս հայտարարությունները ոչ միանշանակ են ընդունել։ Ինչպես հայտնում է dailymail.co.uk-ը, վարակիչ հիվանդությունների շատ փորձագետներ նշել են, որ նման «ուղեցույցները» կարող են խնդիր դառնալ աշխարհի շատ երկրների կառավարությունների համար, որոնք ցանկանում են թուլացնել կարանտինային սահմանափակումները։

«Ինձ շատ զարմացրեց ԱՀԿ-ի հայտարարությունը»,- ասել է London School of Hygiene and Tropical Medicine-ի կլինիկական համաճարակաբանության պրոֆեսոր Լիամ Սմիթը՝ հավելելով․ «Դա հակասում է այն տեղեկատվությանը, որը ես ստացել եմ գիտական աղբյուրներից, որոնց համաձայն, անախտանիշ վարակակիրները և նրանք, ում մոտ ախտանիշները դեռ ի հայտ չեն եկել, կարևոր դեր են խաղում այլ մարդկանց շրջանում վարակի տարածման մեջ»։

Սմիթը և այլ փորձագետներ նշել են, որ անախտանիշ կամ թույլ ախտանիշներով մարդկանց կողմից վարակի տարածման հետ կապված ռիսկերի ըմբռնումը շատ կարևոր է, հատկապես՝ այժմ, երբ շատ կառավարություններ մեղմացնում են կարանտինային խիստ միջոցառումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել